Բանգլադեշում ահաբեկչություն իրականացրած ԻՊ գրոհայինները սպանվել են
Բանգլադեշի անվտանգության ուժերը հատուկ գործողությունների արդյունքում ազատ են արձակել մայրաքաղաք Դաքքայի ռեստորաններից մեկում գերեվարված առնվազն 13 մարդու: Այս մասին տեղեկացրել է «Սինխուա» գործակալությունը:
Անվտանգության ուժերի գործողությունների ընթացքում սպանվել են բոլոր վեց գրոհայիններ: Այս մասին Բանգլադեշի վարչապետ Խասին Վազեդը հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Ճապոնիայի գործընկերոջը` Սինձո Աբեին:
Բրիտանական BBCն գրում է, որ ազատ արձակված 13 գերուց չորսն օտարերկրացիներ են: Մյուս գերիների ճակատագիրն անհայտ է մնում:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը:
ԻՊ գրոհայինները հուլիսի 1ին հարձակվել են դիվանագիտական թաղամասում գտնվող ռեստորանի վրա, որը մեծ հեղինակություն է վայելում օտարերկրացիների շրջանում: Ահաբեկիչները կրակ են բացել ռեստորանում, ինչի հետևանքով զոհվել է երկու ոստիկան, շուրջ 40 մարդ վիրավորվել է:
Հաղորդվում էր, որ հարձակվողները գերեվարել են շուրջ 20 մարդու, այդ թվում և, ենթադրաբար, Հնդկաստանի, Իտալիայի, Ճապոնիայի և Արգենտինայի քաղաքացիների: