Բաժիններ՝

Ռուսական թանգարանը Այվազովսկու «Իններորդ ալիքը» կուղարկի Տրետյակովյան պատկերասրահի ցուցահանդես

Պետական ռուսական թանգարանն իր ցուցադրանքից Տրետյակովյան պատկերասրահի ցուցահանդես կուղարկի Այվազովսկու մի քանի գլուխգործոցներ, ներառյալ նշանավոր «Իններորդ ալիքը», տեղեկացնում է ՏԱՍՍ­-ը:

«Հովհաննես Այվազովսկու առաջիկա հոբելյանի կապակցությամբ երկրի առաջատար թանգարանները պատրաստում են ընդգրկուն ցուցահանդեսներ՝ նվիրված մեծ ծովանկարչի ստեղծագործությանը: Ռուսական թանգարանում պահվում է նկարչի գլուխգործոցների եզակի հավաքածուն՝ առանց որոնց նրա ստեղծագործության մասին պատկերացումը չի կարող ամբողջական լինել: Ուստի հուլիսի սկզբից մինչեւ դեկտեմբեր այնպիսի նշանավոր կտավներ, ինչպիսիք են «Իններորդ ալիքը», «Ալեկոծությունը» եւ Ռուսական թանգարանի հավաքածուից այլ գործեր, կուղարկվեն Տրետյակովյան պատկերասրահ՝ մասնակցելու «Հովհաննես Այվազովսկի: Ծննդյան 200-­ամյակի առթիվ» ցուցահանդեսին»,-­ հայտնել են թանգարանի մամուլի ծառայությունում:

Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսը կբացվի հուլիսի 29-­ին եւ կշարունակվի մինչեւ նոյեմբերի 20­-ը: Նրա կողմից ստեղծված հսկայական թվով աշխատանքներից (Այվազովսկու ասելով՝ շուրջ 6 հազար) ցուցահանդեսում ներկայացված են շուրջ հարյուր գեղանկարչական ստեղծագործություններ եւ 50 գրաֆիկական գործեր: Ցուցահանդեսի այցելուները կկարողանան տեսնել ծովանկարիչ Այվազովսկու, մարտանկարիչի ստեղծագործության լավագույն նմուշները: Ցուցահանդեսում տեղ կգտնեն նկարչի առավել նշանակալի չորս կտավները՝ «Ծիածանը», «Սեւ ծովը», «Իններորդ ալիքը», «Ալեկոծությունը»:

Ցուցահանդեսի այցելուներն առաջին անգամ կտեսնեն ավելի վաղ երբեք չցուցադրած «Կովկասի ափերի մոտ» կտավը, հաղորդվում է Տրետյակովյան պատկերասրահի կայքում:

Տարեվերջին Ռուսական թանգարանը նաեւ պլանավորում է Այվազովսկու հոբելյանին նվիրված ցուցահանդես կազմակերպել Սանկտ Պետերբուրգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս