«Մենք պետք է բանակցությունները վարենք համբերատար և խելացի կերպով». Շտայնմայերը՝ ԼՂ հակամարտության մասին
Այսօր Թբիլիսիում բացված ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 25-րդ ամառային նստաշրջանում, որը անցկացվում է «Խորհրդարանական համագործակցության 25 տարի. Վստահության ամրապնդում երկխոսության միջոցով» կարգախոսի ներքո, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, կապված Անկարայի օդանավակայանի ահաբեկչության հետ, հայտարարել է, որ մարդկությունը պետք է պայքարի ահաբեկչության դեմ: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
«Վրաստանը խաղաղություն է ցանկանում ողջ աշխարհում: Մենք ձգտում ենք ինտեգրվել Եվրոպային: Դա անվտանգություն տանող մեր գլխավոր ուղին է»,- հայտարարել է նա:
ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկա Կաներվան նաև դատապարտել է ահաբեկչությունը և հայտարարել է, որ դրա դեմ պայքարի պլան պետք է մշակվի:
Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին ռազմական էսկալացիայի մասին, խոսել ուկրաինական ճգնաժամի, Վրաստանի ձգձգվող հակամարտությունների մասին:
Նա հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում աշխատանքները դանդաղ են առաջ գնում: «Մենք պետք է առաջ գնանք, բանակցությունները վարենք համբերատար և խելացի կերպով»,- ասել է Շտայնմայերը: