Բաժիններ՝

«Էնպիսի նամակներ էր գրում, որ մտածում էիր, թե հանգստյան տուն է գնացել»

asparez.am. 2000թ.-ից սկսած Հայաստանում հունիսի 29-ը նշվում է որպես հայրենիքի համար զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած է համարվում 4600 քաղաքացիական եւ զինվորական անձ. . 400-ը` Հայաստանից, նույնքան` Արցախից, իսկ 3800-ը՝ Ադրբեջանից:

Լոռու մարզից անհայտ կորած է համարվում 15 ազատամարտիկ:

-Հիշում եմ, տղաս շատ խելոք էր, համեստ, ծանր, աշխատասեր: Դպրոցն ավարտեց ու 18 տարեկանում գնաց բանակ: Ֆինլանդիայի սահմաններն էր պաշտպանել, տանկիստ է եղել: Ծառայությունն ավարտեց, եկավ ու ախպոր հետ գնաց շինարարությունում աշխատելու: Հետո իմացավ էս դեպքերի մասին ու հունիսի 22-ին գնաց Մարտակերտ: Ղարաբաղ կամավոր գնաց: Մենք չգիտեինք, հետո խաբարն եկավ, որ գնացել է:

anhayt-1-150x150

Հուլիսի 3-ին խաբարն եկավ, որ իբր թե բոյի ժամանակ տանկը վառվել է, բայց սուտ էր: Իրա հետինը ողջ էր: Մերոնք գնացին Մարտակերտ, 7 ամիս ման եկան, բայց էրեխին այդպես էլ չգտան: Մինչեւ առ այսօր էլ ոչ մի նորություն չունենք: Այստեղից 7 հոգով գնացին, մենակ իմ տղեն հետ չեկավ: Ջոկատն եկավ, ասաց, որ շատ լավ կռվել է, ծառայել, լավ տղա ունենք:

Սպասում եմ… Ծաղիկ եմ բերել հուշակոթողին, բայց կենտ ծաղիկ, ես զույգ ծաղիկ չեմ դնում: Ես հույսով ապրում եմ: Հայրը մահացավ` էրեխի նկարին նայելով,-անցյալի հիշողություններով ու թախիծով պատմում է Արթուր Խաչատրյանի մայրը` Արաքսյա Սաֆարյանը:

Լոռու մարզից անհայտ կորած է համարվում նաեւ ազատամարտիկ Հովհաննես Գեւորգյանը:

-1994 թվականն էր: Աղջիկս նոր էր ծնվել, 10 օրական էր: Եռամսյա հավաքի ժամանակ ամուսնուս էլ տարան: Կռվի վերջն էր արդեն: Լուրն եկավ, որ ապրիլի 24-ին անհայտկորել է: Շատ լավ ամուսին եմ ունեցել, աշխատող, ստեղծող:

Այս տարիների ընթացքում ոչ մի լուր չենք ստացել: Ինչքան էլ դիմել ենք տարբեր ատյանների՝ զինկոմիսարիատ, նախարարություն, Կարմիր խաչ, ասում են, որ դեռեւս նորություն չկա,-պատմում է Հովհ.Գեւորգյանի կինը` Ժաննա Մխոյանն ու շարունակում,- աղջիկս հիմա 22 տարեկան է, 22 տարի է նաեւ, որ ամուսինս անհայտ կորած է: Ուրախությունն ու տխրությունը խառնվում են իրար, չգիտեմ … Աշխատում եմ իմ մեջ ուժ գտնել եւ ուրախանալ:

Հիմա իմ պայուսակի մեջ մոմ կա, ուզում եմ հուշաքարի մոտ վառեմ, բայց չի ստացվում, ես ինձ անընդհատ տանջում եմ՝ վառեմ, թե` ոչ: Ձեռքս չի գնում, հույսս չեմ ուզում կորցնել: Եթե հանկարծ վառեմ մոմը, հույսս կկորցնեմ… Գուցե ծերանամ, այդ ժամանակ գա, միշտ մտածում եմ ու երազում: Գա տեսնի աղջիկը մեծացել է, ինչ-որ մի բանի հասել: Աղջիկս ոստիկանության ակադեմիայում է սովորում, շուտով կավարտի ու կաշխատի: Էդ ամբողջ բեռը մինչեւ հիմա միայնակ քաշել եմ, մեր տան տղամարդն եմ դարձել: Իսկ այն ժամանակ ես ինձ կին էի զգում, ավելի նուրբ ու երջանիկ էի: Հիմա փոխվել եմ, հիմա ուրիշ Ժաննա եմ:

Անհայտ կորած ազտամարտիկ Կարեն Սաֆարյանը 1993-ին է զորակոչվել բանակ: Վանաձորում էր ծառայում,-հիշում է մայրը` Սուսաննա Թումանյանը,- 2 ամսվա ծառայող էր, մի անգամ տարան Քելբաջար, մի քանի ամիս մնաց ու նորից հետ եկան: Մի 2 ամիս չէր անցել, նորից տարան ու էդ գնալն էր…

Մայրը հառաչում է, ապա տխուր պատմում.

-Վերջին անգամ, որ գնալու էր, եկավ տուն: Հագուստը փոխած էր: Ինքը սիրում էր զինվորական բուշլաթ հագնել, բատինկա էր սիրում: Բայց այդ օրը եկավ՝ լրիվ փոխված: Ասեցի ինչի՞ ես սենց հագել, ասեց մամ ջան մեր տղաների մի մասին տանում են Թեժ լեռ, նրանց փոխարեն մեզ բարձրացնում են վերեւ: Ես հավատացի, բայց ամուսինս չհավատաց: Թաղամասում, հարեւանությանը ասել էր, որ ինքը կռիվ է գնում, բացի մեզնից: Ասեց առավոտ շուտ կզանգեմ ձեզ, ամուսինս ասեց` չեմ հավատում: Գնաց տղես: Հետո իմացանք, որ կռվի դաշտում է:

1994 թվականի հունվարի սկիզբն էր, որ գնաց: Հունվարի 27-ին էլ անհայտ կորել է, Քելբաջարում իրականացվող մարտական գործողությունների ժամանակ:

Մոր բնութագրմամբ` որդին եղել է շատ աշխույժ էր: Մինչեւ այդ մի քանի անգամ էլ է մասնակցել կռիվներին, գնացել, եկել է: Այդ ընթացքում նամակագրական կապ եղել է:

-Էնպիսի նամակներ էր գրում, որ մտածում էիր, թե հանգստյան տուն է գնացել: Հետո, որ եկավ, ասեցի, էլ մի գնա, դու մի անգամ գնացել ես: Ասեց` մամ ջան, բա որ ես չգնամ, էն մյուսը չգնա, բա էլ ով պետք է գնա: Գնաց… հիմա, եթե դեռ ողջ է` ինքն է տանջվում, մենք էլ հետը: Այս մի գնալը եղավ վերջինը: Մինչեւ այսօր անհայտ է նրա գտնվելու վայրը:

Հույսով սպասում եմ…

Տաթեւիկ Ղազարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս