
ՀՀ քաղաքացիների մուտքը Շվեյցարիա կդյուրինացվի

Հայաստանի քաղաքացիներն ավելի հեշտությամբ կկարողանան այցելել Շվեյցարիա: «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրին հավանություն տալու հարցը կքննարկվի ՀՀ կառավարության առաջիկա նիստում՝ հունիսի 2-ին:
Համաձայնագիրը ստորագրվել է 2016թ. փետրվարի 29-ին: Ըստ որոշման նախագծի՝ դրա նպատակն է՝ դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին 180 օր ժամանակահատվածի ընթացքում՝ 90 օրվանից ոչ ավելի ժամանակահատվածով որոշակի նպատակներով Շվեյցարիայում գտնվելու համար: Եթե Հայաստանը վերականգնի վիզայի պահանջները Շվեյցարիայի քաղաքացիների կամ որոշ կատեգորիաների համար, ապա նույն դյուրացումները, որոնք համաձայնագրով շնորհվել են Հայաստանի քաղաքացիներին, ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա կկիրառվեն Շվեյցարիայի քաղաքացիների նկատմամբ: