Հաստատվել է կամավորականների աշխատավարձերի տրման ժամկետներն ու չափերը. Սամվել Ավանեսյան
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ և հետագա ընթացքում մեր բոլոր այն քաղաքացիներն ովքեր կամավորագրվել են հայրենիքի պաշտպանության գործին գտնվում են իշխանությունների ամենօրյա ուշադրության ներքո:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը: Նախարարի խոսքով, փորձ է արվել անհրաժեշտ ուշադրություն ցուցաբերել, և նրանց ընտանիքներին պետական ու բարեգործական միջոցներով պարբերաբար տրամադրվել է պարենամթերք, ինչպես նաև մատուցած ծառայության դիմաց դրամական աջակցություն, որը շարունակական է լինելու:
«Իհարկե, այն, ինչ արվել է կամ դեռ նախատեսվում է կամավորականների կամ նրանց ընտանիքների համար կկրի շարունակական բնույթ, սակայն ավելորդ չեմ համարում նշել, որ քառօրյա պատերազմի պատճառով տարհանվել է Մարտակերտի շրջանի մեզ հայտնի բնակավայրերի բնակչության մի մասը, ովքեր ապահովել են կացարանով, ամենօրյա սննդով, լուծվել է նրանց կենցաղային բազմաթիվ խնդիրները: Դեռ չեմ խոսում հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգնման, գույքի փոխհատուցման ծախսերի և դրանց ծավալների մասին»,- ասել է Ավանեսյանը և հավելել, որ կառավարությունը դրանից ոչ թե տրտնջում է, այլ ներկայացնում է այն չնախատեսված ծախսերը, որոնք կատարվել է ապրիլյան պատերազմի հետևանքով:
Խոսելով կամավորականներին տրվող ֆինանսկան աջակցության մասին՝ նախարարը նշել է, որ Պաշտպանության բանակի կողմից նրանց մի մասին արդեն տրվել է կանխավճար, իսկ կառավարության կողմից ինչպես արդեն հայտարարվել է, հավելյալ ֆինանսական նոր աջակցություն կտրամադրվի:
«Նախատեսվում է մարտական ծառայության յուրաքանչյուր օրվա համար վճարել 5000 դրամ՝ առանց եկամտային հարկի: Այսինքն մեր բոլոր այն հայրենակիցներն ովքեր արդեն ստացել են ապրիլ ամսվա դիմաց նշված կանխավճարը, հունիսի 6-ից «Արցախոստ» ՓԲԸ միջոցով նույն ամսվա համար կստանան նախատեսված գումարի և ստացված կանխավճարի տարբերությունը, իսկ ովքեր դեռ չեն ստացել իրենց հասանելիք գումարը, կստանան արդեն ամբողջական հաշվարկով»,- ասել է Ավանեսյանը և հավելել, որ խոսքը վերաբերում է առաջին հերթին չաշխատող քաղաքացիներին, իսկ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և պետական մասնակցությամբ հիմնարկ-ձեռնարկությունների այն աշխատակիցներին որոնց աշխատավարձը ցածր է 150.000 դրամից նույնպես կտրամադրվի ստացած գումարի տարբերությունը:
Որոշումը տարածվում է նաև մի շարք խոշոր տնտեսավարողների վրա, իսկ մասնավոր հատվածի փոքր ու միջին ձեռնարկությունների աշխատողներին, անկախ նրանից ձեռնարկատերը վճարել է կամավորական ծառայության մեջ գտնվող իր աշխատողին, թե ոչ, պետության կողմից նշված աջակցությունը տրվելու է ամբողջական չափով:
ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց, որ կամավորականների մարտական ծառայության ժամանակահատվածը հետագայում կներառվի աշխատանքային ստաժի մեջ, ինչը կհաստստի հարկային մարմնի շտեմարաններից տրամադրվող տեղեկատվությամբ:
«Ցուցակներում կամավորականների ընդգրկված լինելու տեղեկությունները մեր կողմից համապատասխան մարմինների հետ ճշգրտվում են, և հավաստիացնում եմ, որ մինչև հունիսի 6-ը գործընթացը հիմնականում ավարտված կլինի: Ովքեր այդ ճշգրտումների արդյունքում չեն նույնականացվի, հունիսի 6-ից «Արցախոստ»-ի բաժանմունքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները կգրանցեն նրանց անձնագրային տվյալները և որոշակի անհրաժեշտ գործողություններ կատարելուց հետո հաջորդ փուլում կտրամադրվեն նրանց գումարները»,- ասել է Ս. Ավանեսյանը և ավելացրել, որ ոչ ոք ուշադրությանից դուրս չի մնալու, իսկ որոշակի ուշացումների համար հայցում են կամավորականների ներողամտությունը և խնդրում ըմբռնումով մոտենալ հարցին:
Նախարարը նաև հորդորեց քաղաքացիներին նշված հարցերով անհարկի զանգերով ու բանավոր հարցումներով չծանրաբեռնել պետական մարմինների առանց այդ էլ ծանրաբեռնված աշխատանքը: Նրա հավաստմամբ, զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար բոլոր հարցերի մասին տեղյակ կպահվի հասարակությանը: