
Ո՞ր բանկում է դրված «Մարտիկ» հիմնադրամի գումարը. Կա՞, թե՞ չկա, ասեք՝ հասկանանք

Թալիշում ողնուղեղի ծանր վիրավորում ստացած Ռուբեն Առաքելյանի հետագա բուժումը նպատակահարմար է շարունակել Գերմանիայում, որի համար անհրաժեշտ գումարի կեսն է հավաքվել: Ռուբենի ծնողներն իրենց խոր երախտագիտությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր գումար են փոխանցել հաշվեհամարին: Հատուկ ուզում են նշել իրենց գյուղի՝ Ջրվեժի գյուղապետի սրտացավ ջանքերն ու Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ներդրումը՝ 500.000 դրամ:
Հիմա համեմատենք այս գյուղի և «Մարտիկ» հիմնադրամի ներդրման չափը: Այս հիմնադրամը Ռուբեն Առաքելյանի և Արման Լազգյանի հաշվեհամարներին է փոխանցել ընդամենը 1-ական միլիոն դրամ այն դեպքում, երբ կարող էր առնվազն 2016-ի անցած 5 ամսվա տոկոսը փոխանցելով (ամսական մոտ 4.000.000 դրամ, որը կազմում է մոտ 37000 եվրո)` համարյա լրացնել գումարի պակասը: Հիշեցնենք պարոն Աղաբեկյանին, որ էս տղերքը ոչ թե տղայական «ռազբորկայի», այլ Հայրենիքի պաշտպանության ժամանակ են անդամալույծ դարձել, այսինքն՝ երբ Հայրենիքը օրհասական պահի մեջ էր:
Սա նշանակում է, որ «Մարտիկ»-ի թեման չենք փակում, շարունակելու ենք հաշվետվություն պահանջել, թե 2015-ին ինչ կանոնադրական նպատակների վրա է ծախսվել 58.575.732 դրամը: Հիմնադրամը ի սկզբանե գրանցված է եղել Հայխնայբանկում, որն արդեն գոյություն չունի: Ո՞ր բանկում է այժմ դրված «Մարտիկ» հիմնադրամի գումարը: Կա՞ այդ գումարը, թե՞ չկա, ասեք՝ հասկանանք:
Այսօր Ռուբենի ծնողները դիմել են նաև ՀՀ պաշտպանության նախարարին, մեծ հույս ունեն, որ նա կօգնի:
Անահիտ Բախշյան