Պատմության սև էջից Գերմանիան կազատվի Ցեղասպանության իրողության հետ հաշվի նստելով. Սաֆրաստյան
Պատմության սև էջերից ամբողջությամբ ազատվելու համար Գերմանիան պետք է հաշվի նստի Հայոց ցեղասպանության իրողության հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիան մասնակի պատասխանատվության խնդիր ունի: Գերմանիայի հասարակական, քաղաքական, գիտական շրջանակում հասկանում են, որ իրենց երկիրը պատասխանատվության իր մեծ բաժինն ունի: Նա կարող էր կանգնեցնել ցեղասպանությունը, բայց դա չարեց: Այդ մասին վկայում են Գերմանիայի դիվանագետների նամակները: Եթե Գերմանիան ուզում է լրիվ ազատվել պատմության սև էջերից, ապա պետք է հաշվի նստի Հայոց ցեղասպանության իրողության հետ»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի սպասվող քննարկմանը` Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ դժվար է ասել, թե այն ինչ ճակատագիր կունենա:
«Ճիշտ է, խոսվում է Գերմանիայից եկող դրական ազդակների մասին, կան հայտարարություններ այն մասին, որ այս անգամ գործընթացը կունենա տրամաբանական ավարտ, բայց, մյուս կողմից, երևում է, թե Թուրքիան ինչ ճնշում է գործադրում Գերմանիայի վրա: Իսկ մենք տեսել ենք այն, որ նախկինում Գերմանիան տեղի է տվել թուրքական ճնշումներին: Հետևաբար 100 տոկոսով ես վստահ չեմ, որ առկա ձևակեր պումներով բանաձևը կընդունվի»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Ի վերջո, ներկա փուլում Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններում որոշակի խստացումներ են նկատվում:
«Արդյո՞ք ստեղծված իրավիճակը կարող է նպաստավոր լինել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման համար». հարցին ի պատասխան, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ պետք է հիշել մի բան` ԵՄ-ին պետք է Թուրքիան, Թուրքիային էլ` ԵՄ-ն:
«Դավութօղլուի հեռանալուց հետո, այո, Թուրքիա- Եվրամիության հարաբերություններում որոշակի տարաձայնություններ կան` կապված փախստականների գործարքի հետ: Բայց Եվրամիությունը փախստականների հարցում Թուրքիայի հետ համագործակցության կարիքն ունի: Թուրքիան էլ ձգտում է օգտվել այդ իրադրությունից, ստանալ ԵՄ-ից օգնություն և լուծել իր խնդիրները` կապված վիզայի վերացման հետ»,-ասաց թուրքագետը: Նրա խոսքով, ամեն դեպքում, տեսնում ենք, որ եվրոպական երկրներում քաղաքական, հասարակական հատվածում գնալով մեծանում է քննադատությունը Թուրքիայի, հա տկապես, Էրդողանի դիկտատուրական նկրտումների նկատմամբ: Մյուս կողմից էլ Էրդողանն է իր հայտարարությամբ ուժեղացնում լարվածությունը:
«Ինչպես տեսնում ենք, ներկա փուլում անկայուն իրավիճակ է ԵՄ-Թուրքիա հարաբերություններում: Ահա այս պայմաններում առաջանում է օրինագծի խնդիրը: Կարելի է ասել դեռ ոչ մի բան պարզ չէ: Իրադրությունը փոխվում է ամեն օր, գնում է առևտուր երկու կողմերի միջև»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը` հիշեցնելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, որ անցյալը չպետք է օգտագործվի ներկայի խնդիրները լուծելու համար: