Նախարարը Հարկային օրենսգրքի փոփոխություններից տեղյակ չէ՞
«Հարկ վճարողների պաշտպանություն» հ/կ նախագահ Փայլակ Թադևոսյանը հաշվարկել էր, որ Հարկային օրենսգրքի նախագիծը կարող է էապես նվազեցնել հղիության և ծննդաբերության նպաստի չափը:
168.am-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ ՀՕ նախագիծը ոչ թե պաշտպանում է ապագա մայրերին, այլ վնասում է նրանց: Նախարարը պատասխանեց, թե նման տեղեկություն չունի և չի կարծում, որ խնդիր կլինի: Նա նշեց, որ բոլոր նախարարություններն էլ մասնակցել են Հարկային օրենսգրքի նախագծի մշակմանն ու իրենց առաջարկությունները ներկայացրել են:
«Եթե կոնկրետ այդ հարցի մասով որևէ մտահոգություն կա, ես առաջին անգամ եմ լսում: Չեմ կարծում, որ որևէ փոփոխություն նախատեսվի: Ինչ երաշխիքներ սահմանված են, պետք է շարունակեն գործել»,- ասաց Ա.Ասատրյանը:
Հիշեցնենք, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով նշված նպաստները հարկվում են եկամտային հարկով: Խնդիրն այն է, որ իրավակիրառ պրակտիկայում նշված նպաստները հարկվում են վճարման հաշվետու ժամանակաշրջանում, չնայած նպաստը հաշվարկվում է առնվազն 4 ամսից ավելի անաշխատունակության համար:
Այլ հավասար պայմաններում, եթե աշխատողն այդ ամիսների համար ստանում է աշխատավարձ, հարկումը կատարվում է դրույքաչափերի կիրառման եռաստիճան սանդղակով՝ յուրաքանչյուր ամսվա համար: Մինչդեռ, նպաստի դեպքում, 4 ամսվա համար նախատեսված գումարային մեծությունից հարկումը կատարվում է դրույքաչափերի կիրառման եռաստիճան սանդղակով, միայն վճարման ամսվա սանդղակով: Այն դեպքում, երբ գործող օրենսդրությամբ 36% եկամտային հարկի դրույքաչափը կիրառվում էր 2 մլն դրամից ավելի եկամուտ ստացողների համար, նման կարգով հարկման ազդեցությունը բացակայում էր միջին եկամուտներ ստացող անձանց դեպքում, քանի որ 2 մլն դրամ սանդղակը վերաբերում էր 434 հազար դրամից ավելի հաշվարկային աշխատավարձ ստացողներին:
Մինչդեռ, Հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվող սանդղակի փոփոխությունը կարող է էապես նվազեցնել հղիության և ծննդաբերության նպաստի չափը: Գործող օրենսդրությամբ 400 հազար ամսական հաշվարկային աշխատավարձ ստացողի համար եկամտային հարկը գործող օրենսդրությամբ կազմում է մոտ 102 հազար դրամ, իսկ «մաքուր» գումարը՝ մոտ 298 հազար դրամ, իսկ 400 հազար ամսական հաշվարկային աշխատավարձ ստացողի համար հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկային մեծությունը կազմում է 1 մլն 842 հազար, եկամտային հարկը` 477 հազար դրամ, իսկ «մաքուր» գումարը՝ մոտ 1 մլն 365 հազար դրամ:
Նախագծով նախատեսվում է, որ 400 հազար ամսական հաշվարկային աշխատավարձ ստացողի համար հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկային մեծությունը կկազմի 1 մլն 842 հազար, եկամտային հարկը կկազմի մոտ 552 հազար դրամ, իսկ «մաքուր» գումարը՝ մոտ 1 մլն 290 հազար դրամ:
Հետևաբար, նախագծով առաջարկվող սանդղակի և դրույքաչափերի կիրառման դեպքում հղիության և ծննդաբերության նպաստի մեծությունը կնվազի մոտ 75 հազար դրամով: