«Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկո Մադրիդ». Խաղից առաջ
Այսօր երեկոյան Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում տեղի կունենա ակումբային ֆուտբոլի ամենակարևոր իրադարձությունը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը:
Մադրիդյան ակումբները կվիճարկեն Եվրոպայում լավագույնի կոչումը: Թվում է, թե կրկնվում է 2013-2014 թվականների պատմությունը, երբ կրկին այս թիմերն էին պայքարում հաղթանակի համար:
Սակայն այս անգամ այլ էին դեպի եզրափակիչ ճանապարհները:
«Ռեալը» պայքարը սկսեց A խմբում: Իր ճանապարհին սերուցքայինները հաղթեցին Դոնեցկի «Շախտյորին», «Մալմյոին», «ՊՍԺ»-ին: Վերջիններիս հետ էլ գրանցվեց խմբային փուլի միակ ոչ-ոքին:
1/8-րդ եզրափակչում մադրիդցիները 2 անգամ հաղթեցին «Ռոմային»: Ինտրիգային էր գերմանական «Վոլֆսբուրգի» հետ հանդիպումը, որտեղ գերմանացիները հաղթանակ տարան առաջին խաղում 2:0 հաշվով, սակայն Մադրիդում Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ մադրիդյան գրանդն անցավ հաջորդ տուր: Կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում խփվեց 1 գնդակ, այն էլ՝ ինքնագոլի տեսքով:
«Ատլետիկոն» պայքարում էր C խմբում: Խաղերի արդյունքում մադրիդյան մյուս ակումբի ներկայացուցիչները վաստակեցին 13 միավոր: Այն բանից հետո, երբ «Ատլետիկոն» 1/8 եզրափակչում միայն 11-մետրանոցների շնորհիվ կարողացավ հաղթել «ՊՍՎ»-ին, շատերը մտածում էին, որ նրանց պետք է հանել հաղթանակի հավակնորդների ցուցակից: Սակայն քառորդ և կիսաեզրափակիչներում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները պայքարից դուրս թողեցին մրցաշարի 2 գլխավոր ֆավորիտներին՝ «Բարսելոնային» և «Բավարիային»:
«Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայում անցկացրած 12 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ՝ բաց թողնելով 7-ը: «Ռեալի» ցուցանիշները մի փոքր այլ են: Մադրիդցիները խփել են 27 գնդակ, բաց են թողել 5-ը:
Երկու թիմերն էլ հանդիպմանը մոտեցել են մարտական կազմով: Բացակայելու է միայն Ռաֆայել Վարանը: Խաղից առաջ խոսվում էր Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքի մասին, սակայն ֆուտբոլիստը հայտնել է, որ ամբողջովին պատրաստ է խաղին:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Սիրարփի Աղաբաբյան