Բաժիններ՝

«Բուժհիմնարկները պետպատվերի համար փետրվարին դիմած քաղաքացուն հերթագրում են նոյեմբերի համար». Մանվել Բադեյան

2015  թվականին չի եղել առողջապահության բնագավառում նախատեսված  որևէ ծրագիր, որի համար պետությունը պարտավորություն վերցրած լինի ու վճարումները կատարված չլինեն: Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս՝ ասաց ՀՀ  գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ այս ոլորտում բյուջետային 65 ծրագիր է իրականացվել, օգտագորվծել է 83.6 միլիարդ դրամ՝ նախատեսվածի 99, 6 տոկոսը:

Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Մանվել Բադեյանը հարց բարձրացրեց.  «Տարիներ շարունակ մենք լսում ենք բողոքներ այն մասին, որ պետպատվերով դիմելու դեպքում մեր քաղաքացիներին մերժում են սպասարկել, ասում են՝ գնացեք, հետո կգաք, այնումենայնիվ, կազմակերպչական իմաստով՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ»:

Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը նշեց, որ Առողջապահության նախարարությունը պետական պատվեր կատարող բուժհիմնարկների հետ կնքում է պայմանագիր, թե ինչպես ընդունել և սպասարկել մարդկանց: Ըստ փոխնախարարի՝  հերթագրման խնդիր կա, այսինքն՝ եթե հիմնարկն ունի նախատեսված բյուջե և երբ այդ  բյուջեն վերջանում է՝ պետք է հիվանդին հերթագրի. «Մեր նախարարությունը դրա վրա վերահսկողություն է իրականացնում, գործում է նախարարությունում շուրջօրյա թեժ գիծ, որ եթե ինչ-որ խնդիր է առաջանում, դիմեն մեզ: Իհարկե, խնդիրներ շատ կան: Մենք պետպատվերի պայմանագիր ունենք 480-ից ավելի բուժհիմնարկների հետ: Իհարկե, մի քիչ դժվար է այդ ամբողջ վերահսկողությունը իրականացնել, և մարդիկ պետք է  դիմեն նախարարությանը»:

Մ. Բադեյանը արձագանքեց, որ ամեն դեպքում պետք է քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ. «Երբեմն զավեշտի են հասնում այդ բողոքները, ասենք, մարդը դիմել է փետրվարին, բայց հերթագրում են նոյեմբերի համար. ձեր մեխանիզմների կանտարելագործման մասին է խոսքը, որ նման խնդիրներ չլինեն»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս