«Որևէ բնակավայր Ադրբեջանը չի կարողացել գրավել». Էդուարդ Շարմազանով
Քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը չի կարողացել գրավել որևէ բնակավայր, բոլոր բնակավայրերը գտնվում են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի վերահսկողության ներքո: Այս մասին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Խոսելով ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի վերադարձի մասին` Էդուարդ Շարմազանովն ասել է, որ յուրաքանչյուր քաղաքացի ազատ տեղաշարժի, վերադառնալու, գնալու իրավունք ունի. «Բարով է վերադարձել»:
Լրագրողի դիտարկմանը, որ նա քննադատության է ենթարկել իշխանություններին` նշելով, որ ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանի իշխանություններն անվտանգության հարցն առաջնային չեն համարել, Էդուարդ Շարմազանովն արձագանքել է, որ անկախ նրա հայտարարություններից` իրենց կարծիքը հստակ ասել են քառօրյա պատերազմի վերաբերյալ.
«Քառօրյա պատերազմի ընթացքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը կատարել են իրենց վրա դրված պարտավորությունները: Ադրբեջանական իշխանությունների, ադրբեջանական կողմի բլից կրիգը չի ստացվել: Ադրբեջանը ձախողվել է: Որևէ բնակավայր Ադրբեջանը չի կարողացել գրավել: Բոլոր բնակավայրերը գտնվում են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի վերահսկողության ներքո: Երրորդ` Ադրբեջանի փորձերը` բլից կրիգով լուծել խնդիրը կամ բլից կրիգի միջոցով փորձել ճնշել հայկական կողմերին` ստանալու միակողմանի զիջումներ, չեն իրականացել:
Դրանից հետո հայկական կողմի դիրքերը նաև դիվանագիտական ասպարեզում էլ ավելի են ամրացել, և դրա վառ ապացույցը արտաքին գործերի նախարարների Վիեննայի հայտարարությունն էր, որտեղ հստակ նշվում էին այն առաջարկները, որոնք ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո Երևանում հնչեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ իմ հարգարժան գործընկերոջը ևս մեկ անգամ տեղեկացնեմ, որ եթե Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները լուրջ ուշադրություն չդարձեին անվտանգության համակարգին, դժվար թե Ադրբեջանի բանակը ֆիասկո ապրեր:
Ադրբեջանի բանակի ֆիասկոն նախ և առաջ ցույց է տալիս, որ թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի հանրապետություններն այս տարիների ընթացքում լուրջ ուշադրություն են դարձրել անվտանգության համակարգի ամրապնդմանը, և մեկ անգամ չէ, որ թե Հանրապետության նախագահը, թե մենք` իշխանության ներկայացուցիչներս, նշել ենք, որ ՀՀ և ԼՂՀ համար թիվ մեկ խնդիրը մնում է անվտանգությունը»: Էդուարդ Շարմազանովն ասել է, որ հարգում է նրա` կարծիք արտահայտելու իրավունքը, բայց իրականությունն, ըստ իրեն, այլ է:
Հարցին` արդյոք հնարավոր համարո՞ւմ է Սամվել Բաբայանի վերադարձը քաղաքական կամ ռազմական իշխանություն, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է, որ այսօր Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հայտնել է, որ Սամվել Բաբայանը չի դիմել ԼՂՀ ՊԲ` ծառայության մեկնելու: