«Դիվանագետները պետք է լավատես լինեն». Էդվարդ Նալբանդյան

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ պատգամավոր Շիրակ Թորոսյանը խոսեց Վրաստանի հայկական դպրոցների վիճակի մասին, որ արագացված «վրացականացվում են», հիշեցրեց ապրիլի 24-ի տհաճ միջադեպը դեսպանի հետ կապված և հետաքրքրվեց, թե արդյոք այս հարցերը հայ-վրացական օրակարգո՞ւմ են, թե՞ ոչ, ինչպիսին է վրացական արձագանքը:

«Հայկական փոքրամասնության իրավունքների ոտանահարում է տեղի ունենում Վրաստանում»,- ասաց Շ.Թորոսյանը:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հավաստիացրեց, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի հայ-վրացական հարաբերությունները զարգանան ու խորանան. «Չլուծվող խնդիրներ չկան, կան հարցեր, հարևան երկրների միջև բազմաթիվ հարցեր են լինում, որոնք պետք է լուծվեն փոխադարձաբար, փոխըմբռնմամբ: Դրանք չեն վրիպում մեր ամենաբարձր մակարդակով հանդիպումներից: Փոխայցելությունները բավականին ակտիվ են: Երկու հարևանների միջև նման հարց չկա, որ պետք է գնա միջազգային ատյաններում զբաղվեն: Վրացական կողմից էլ այդ շահագրգռվածությունը կա, որ առաջացած հարցերը լուծվեն»:

«Ընկալելի առաջընթաց չենք տեսնում,- շարունակեց պնդել Շ.Թորոսյանը,- Կնճիռներ կան և սա փաստ է ու շատ տեսանելի է»:

«Դիվանագետները պետք է լավատես լինեն»,- արձագանքեց Նալբանդյանը:

Տեսանյութեր

Լրահոս