Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է դատախազների խրախճանքից հետո տեղի ունեցած միջադեպի հանգամանքները
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվում են ՀՀ Տավուշի մարզում՝ մարզի դատախազի տեղակալի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները: Դրանց լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում կտրվեն համապատասխան գնահատականներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ 168.am-ը գրել էր, որ Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը մայիսի 21-ին Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից գտնվող «Ոսկե ձկնիկ» կոչվող նորաբաց ռեստորանում (որը ճանապարհի կողմից ունի արհեստական լիճ) զվարճանալուց հետո հարբած վիճակում իր «Նիսսան տեանա» մակնիշի 01 OP 077 համարանիշերի ավտոմեքենայով հայտնվել է լճում: Այս մասին 168.am-ին տեղեկացրել էին դեպքի ականատեսները, որոնք մեզ էին տրամադրել նաև լուսանկարները:
Նշենք, որ Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանի հրավերով, այսպես ասած՝ «պատիվ տալու համար», Տավուշի մարզ են եկել ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության և հետաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազները, այդ թվում դատախազ Մամիկոն Մարտիրոսյանը, ով պատկերված է լճում գտնվող ավտոմեքենայի առջևի մասում և փորձում է դուրս բերել ավտոմեքենան լճից: Խնջույքին ներկա են գտնվել նաև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և ապօրինի անտառհատումների դեմ պայքարի վարչության դատախազները, Տավուշի մարզի դատախազը և նրա տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը:
Զավեշտալին այն է, որ հյուրասիրությունը կազմակերպել է Իջևանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյանը, ով նաև իր ուժերով ու միջոցներով «Գազ 66» մակնիշի ավտոմեքենա է կանչել դեպքի վայր, որ մեքենան դուրս հանվի լճից, այնուհետև տնօրենն իր իսկ միջոցներով ներկայումս Իջևանի արհեստավորների մոտ վերանորոգում է լճում հայտնված դատախազի «Նիսսան Տեանա» ավտոմեքենան:
Պարզվում է նաև, որ նշված դեպքով որևէ պատկան կառույց չի զբաղվել: Լինելով իգական սեռի ներկայացուցիչ՝ բարձրաստիճան պաշտոնյա, Հայկուշ Բաղդասարյանը մեքենան վարել է հարբած վիճակում, իսկ լուսանկարում կարմիր վերնաշապիկով պատկերված ռեստորանի տնօրեն Վահե Ղալումյանը, նրա կողքին գտնվող և լուսանկարում պատկերված Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանը ձեռքերը գրպանում դրած հետևում էին, թե ինչպես են մեքենան դուրս բերվում լճից: