Բաժիններ՝

Գյուղոլորտում ծախսերը գերազանցել են ծրագրվածը

Այսօր ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց գյուղոլորտի և բնապահպանության ոլորտի ֆինանսական ցուցանիշները:

Ըստ նրա` 2015 թ. գյուղատնտեսության համախառն թողարկումն աճել է իրական արտահայտությամբ 11.5%-ով: Անասնաբուծությունը և ձկնորսությունը նույնպես նպաստել են գյուղատնտեսությանը՝ աճելով համապատասխանաբար 6.1%-ով և 6.4%-ով:

Գյուղատնտեսության աճն ուղեկցվել է նաև ոլորտում ներդրումների (կապիտալ շինարարության) 61.9% աճով: Գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնաբուծության և որսորդության բնագավառներում պետական բյուջեի ծախսերը կազմել են 34.3 մլրդ դրամ կամ ծրագրվածի 108.9%-ը: Շեղումը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության բնագավառում արտաքին աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի բարձր կատարողականով: Գյուղոլորտին կատարված հատկացումների հաշվին իրականացվել են 29 ծրագրեր, այդ թվում` արտաքին աջակցությամբ ֆինանսավորվել են 4 վարկային և 6 դրամաշնորհային ծրագրեր:

2015 թ. շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 5.7 մլրդ դրամ կամ ծրագրով նախատեսվածի 100.7%-ը: Նախորդ տարվա համեմատ 2015 թվականի ծախսերն աճել են 20.9%-ով կամ 978.4 մլն դրամով: Աղբահանության գծով նախատեսված 34.7 մլն դրամն ամբողջությամբ տրամադրվել է ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայությունների ձեռքբերմանը: 2014թ. համեմատ նշված ծախսերը նվազել են 28.2%-ով կամ 13.6 մլն դրամով: Պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 31.3 մլրդ դրամ բնապահպանական և բնօգտագործման վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի 2.9%-ը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս