«3 վիրավորի դուրս է բերել, 4-րդին իրեն խփել են». պատմում է զոհված Հենրիկ Ղահրամանյանի մայրը
Արցախում զոհված Հենրիկ Ղահրամանյանը վերջին անգամ ապրիլի 2-ին էր խոսել հոր հետ։ Մինչև ապրիլի 7-ը նրանից լուր չի եղել։ Հենրիկը ծնվել է Ռուսաստանում. 6 տարեկան է եղել, երբ ընտանիքը վերադարձել է Հայաստան։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է քոլեջ, ցանկացել է հետագայում շարունակել ուսումը։ Կապավոր էր, ծառայում էր Թալիշում։ Հենրիկի ընտանիքն ապրում է Մասիս քաղաքում։
«Չարաճճի չէր, միշտ ժպտում էր, շատ խելացի էր։ Անհոգ մանկություն է ունեցել»,- որդու մանկության տարիները հիշելով՝ պատմում է նրա մայրը՝ տիկին Ռուզաննան։ «Լավ մարդ էր։ Մեծ հույսեր ունեինք։ Ուսումը պիտի շարունակեր կամ ապրանքագետի մասնագիտությամբ, կամ իրավաբանի։ Մի անգամ ասել էր՝ ինչո՞ւ չսովորեցի, որ իրավաբան դառնամ, մտածեցինք՝ իրավաբանական բաժին տալ։ Այդպես էլ կիսատ մնացին մեր նպատակներն էլ, իր նպատակներն էլ։ Նա արդարություն էր սիրում, երևի դա էր պատճառը, որ իրավաբան դառնալու ցանկություն կար։ Արդարություն սիրում էր, դատապաշտպան կդառնար, բայց չէր կարող մարդկանց դատել. բնավորության այդ գիծը չուներ»,- պատմում է մայրը։
Նրա խոսքով՝ որդին քիչ էր խոսում, բայց բանիմաց էր։
«Սիրում էր հայրենասիրական երգեր լսել, պատմություններ։ Ամեն ինչից տեղեկացված էր։ Լավ ռեփ էր կարդում։ Նույնիսկ ռեփ էր գրել, ձայնագրել։ Մեզ զարմացնում էր իր բանիմացությամբ։ Շատ ծանրակշիռ էր»,- ասում է տիկին Ռուզաննան։ Մոր խոսքով՝ որդին ծառայությունից չէր խուսափում։
«Գիտեր, որ հայրենիքի նկատմամբ պարտք ունի, որը պիտի կատարի։ Միշտ շեշտում էր՝ առաջին գիծ եմ գնալու,- ասում է մայրը՝ նշելով, որ որդին մի քանի տարի սիրողական մակարդակում կարատեով է զբաղվել,- Իր հետ պարապողն ասում էր՝ ինքը չի ուզում խփել։ Ինքը խփել չէր սիրում, դա իրենը չէր։ Տանն էլ պարապում էր՝ իրեն ուժեղ զգալու համար»։ 2015թ. նոյեմբերին Հենրիկը եկել էր՝ մասնակցելու քրոջ հարսանեկան արարողությանը.
«Հյուրերի համար անակնկալ էր։ Շատերը չգիտեին։ Ինքը եկավ, հասավ, շատերը զարմացան։
Զինվորական հագուստով էլ եկել էր։ Շատ ուրախ էր, գոհ էր, որ ընկերները լավն են, հրամանատարը լավն է։ Վերջին անգամ այդ ժամանակ տեսանք։ Դրանից հետո չի եկել։ Ես էլ կատակի տալով՝ ասացի՝ մյուս քույրիկի հարսանիքին էլ կբերենք, կամաց-կամաց ծառայությունը կվերջանա, բայց մենք որոշել էինք մայիսին գնալ, տեսնել, որովհետև արդեն կարոտին չէի դիմանում։ Ինքն էլ էր սպասում»։
Տիկին Ռուզաննայի խոսքով՝ Հենրիկը ծառայության մասին չի պատմել, զանգահարելիս էլ միշտ ասել է, որ ամեն ինչ լավ է, ընտանիքի անդամների որպիսության մասին է հարցրել.
«Երբ ապրիլի 2-ին, ժամը 5-ին զանգել է, ամուսինս հարցրել է, թե ինչ է կատարվում, պատասխանել է՝ ոչ մի բան, մի՛ անհանգստացեք, մի երկու անգամ դմփդմփացրել են, ոչինչ չկա»։ Դա Հենրիկի վերջին հեռախոսազանգն է եղել։ Մինչև ապրիլի 7-ը Հենրիկից լուր չի եղել. «Ապրիլի 7-ի առավոտյան ենք այդ դաժան լուրը լսել։ Այդ ընթացքում փորձել ենք տարբեր տեղերից ինչ-որ բան ճշտել։ Նույնիսկ բարեկամներից գնացել, ցուցակներն են նայել»։ Տիկին Ռուզաննան նշեց, որ իր սիրտն անհանգիստ է եղել. «Ապրիլի 3-ի երեկոյան որ չզանգեց, ինձ մոտ արդեն անհանգստություն կար։ Ապրիլի 4-ից արդեն վատ եմ եղել։ Ապրիլի 6-ին վիճակս ավելի ահավոր էր»։ Այդ ընթացքում հետևել է լուրերին. «Առաջին զոհերից սկսած՝ լացում, մղկտում էի։ Սգում էի նրանց մահը, ազգիս համար էի ցավում։ Բոլորի համար ցավում եմ»։
Տիկին Ռուզաննայի խոսքով՝ որդու մահվան մասին զինկոմիսարիատից հայտնել են, որ Հենրիկը 3 վիրավորի է դուրս բերել. «4-րդին իրեն խփել են։ Ուզում եմ ամեն ինչ ստույգ իմանալ։ Եթե այստեղ չիմանամ, ամուսինս խոստացել է ինձ Թալիշ տանել։ Ուզում եմ գնալ ու ամեն ինչ տեղում ճշտել»։
Տիկին Ռուզաննան ասում է՝ Հենրիկը շատ սիրված է եղել թե՛ բարեկամության, թե՛ հարևանների, թե՛ ընկերական շրջապատում. «Միայն ժպտում էր, ոչ մեկին վատ բան չէր անում։ Շատ խելացի էր։ Շատ բաներ էր ուզում իմանալ։ Հասնում էր հարևաններին։ Ծնողներին շատ էր սիրում։ Ուրիշ սեր էր դա։ Միգուցե գիտեր, որ կյանքը կարճ կտևի»։ Մոր խոսքով՝ քույրերի հետ Հենրիկը շատ կապված է եղել, փոքր տարիքում մայրն աշխատել է, աղջիկներն են նրան պահել. «Փոքր աղջիկս արտահայտվում էր, որ շատ է սիրում։ Մեծ քույրն արտահայտվող չէ, չէր արտահայտվում։ Բայց հետո փոշմանեց, ասում է՝ եթե ես իմանայի, որ այդպես է լինելու, ես կարտահայտվեի, կասեի, որ իրեն շատ եմ սիրում, չափից դուրս եմ սիրել»։
«Ինքը Ռուսաստանում է ծնվել։ Երիտասարդ բժշկուհի կար, գալիս, էր, իրեն սիրում, ասում՝ ինչ գեղեցիկ աչքեր ունի, տեսնես քանի՞ աղջկա կխաբի այս գեղեցիկ աչքերով, ասում էր՝ գեղեցիկ թարթիչներ ունի։ Մեծ-մեծ թարթիչներ ուներ։ Ձգում, պոկում էր, որ չմտնի աչքերի մեջ։ Որտեղ էլ եղել է, իրեն բոլորը սիրել են՝ մեծից՝ փոքր։ Մորաքույրները հիմա նույն ձևով մղկտում են, ինչպես ես։ Ասում են՝ մենք մեր կյանքը կտայինք, միայն ինքն ապրեր։ Կատակասեր էր։ Այդքան քիչ խոսելու հետ՝ կատակներ էր անում, հումորով էր։ Նույնիսկ, երբ ինչ-որ տեղ էի ուղարկում, մինչև «չէ» չէր ասում, «այո»-ն չէինք լսում։ Վազելով գնում էր, բայց պիտի սկզբում «չէ» ասեր, նոր գնար։ Դա էլ հումորի արտացոլումն էր։ Իրենից ոչ մի ավելորդ բան չենք նկատել։ Նույնիսկ, եթե խանութ գնար, առևտուր աներ, վերջին կոպեկն էլ կբերեր, կտար։ Մինչև իր ձեռքը չտայինք, չէր վերցնի։ Աշխատասեր էր. մինչև ծառայության գնալը մոտ երեք ամիս աշխատեց։
Ալարկոտ չէր, պարտաճանաչ էր։ Երբ պիտի ծառայության գնար, առավոտյան ժամը 8-ին հագնվել, կանգնել էր։ Ասացի՝ տղա՛ ջան, այդ ո՞ւր։ Ասաց՝ ես պիտի ժամանակին գնամ, չուշանամ։ Ասացի՝ տղա՛ ջան, 8։30-ին զինկոմիսարիատը բացում են, ասաց՝ բա ես ինչո՞ւ ուշացած գնամ։ Մեր տանից զինկոմիսարիատը 10 րոպեի ճանապարհ է։ Շատ պարտաճանաչ էր։ Դպրոցում սովորելու տարիներին ոչ մի անգամ չի ուշացել։ Ես մի փոքր լարված եմ իրեն պահել։ Վախը միշտ եղել է, ուզեցել եմ՝ միշտ ինձ մոտ լինի, որ ես հանգիստ լինեմ։ Դրսում խաղալիս էլ միշտ զգուշացրել եմ՝ մի անգամ անունդ կանչեմ, պատուհանի տակ կանգնած լինես»։
Հենրիկը շատ մտերիմ է եղել հոր հետ. «Հայրը նրա հետ իրեն երիտասարդ էր զգում։ Ընկերներ էին»։
«Քանի որ մեր տանն Աստվածաշունչ կար, մենք կարդում էինք, ինքը տեղյակ էր։ Մի քանի անգամ հարցրել է՝ մարդ որ տարիքում մահանում է, այդ տարիքում Աստծո մո՞տ է լինում։ Համոզված էր, որ Աստծո մոտ պիտի լինի՝ ինչ տարիքում էլ գնա։ Հավատում էր, որ Աստված կա։ Աստվածավախ էր. շուտ-շուտ էր հիշեցնում՝ եթե վատ բան անես, Աստված կնկատի։ Լավ ձայն ուներ, երաժշտական լսողություն ուներ։ Հայրենասիրական երգերն է շատ սիրել։ Շուտ-շուտ էր հիշեցնում, որ Մասիս սարը մերն է, Եղեռնն էլ թուրքի բեռն է»,- ասում է տիկին Ռուզաննան։
Նա հիշում է, որ երբ Հենրիկը 4 տարեկան էր, իրենք Ռուսաստանում էին, և հարևաններից մեկի տանը նա Արամ Ասատրյանի «Հայ եմ ես, հայ ես դու» երգն է լսել. «Երբ աշխատանքից վերադարձա, հարցրեց՝ մա՛մ, դու հա՞յ ես։ Ոգևորված էր։ Այն ոգևորությունն էր, որ ինքը զգացել էր, որ հայ է։ Ասաց՝ մա՛մ, ես հայ եմ, դու հա՞յ ես։ Արդեն հասկացա, որ այդ երգն է լսել։ Ասաց՝ մա՛մ, ես հասկացել եմ, ես հայ եմ։ Իր չորս կողմը ռուսերեն էին խոսում, միայն ես էի իր հետ հայերենով խոսում, բայց ինքն այդքանի մեջ զգացել էր իր հայ լինելը։ 5 տարեկանից սկսեց ռուսերեն խոսել։ Բայց երբ վերադարձանք Հայաստան, հայերեն ավելի շուտ սկսեց խոսել, քան աղջիկները։ Խոսում էր մաքուր հայերենով։ Հայերենն իր համար ամեն ինչ էր։ Հայ ազգն իր համար ամեն ինչ էր։ Ուրախ էր, որ հայ է, հայ է ծնվել»։