Վիկտոր Խրիստենկոն գլխավորել է ԵԱՏՄ-ի Գործարար խորհուրդը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախկին նախագահ Վիկտոր Խրիստենկոն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Գործարար խորհրդի նախագահ: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի ձեռնարկատերերի ազգային պալատի՝ «Աթամեքեն»-ի վարչության նախագահ Աբլայ Միրզահմետովը:
«Այսօր կայացել է ԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի նախագահության երկրորդ նիստը, որտեղ որոշում է ընդունվել սահմանել Խորհրդի նախագահի պաշտոն: Այդ պաշտոնում չորս տարի ժամկետով ընտրվել է Վիկտոր Բորիսի Խրիստենկոն»,- ասել է նա:
ԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրն ստորագրվել է 2015 թվականի մայիսին՝ Աստանայի ութերորդ տնտեսական համաժողովի արդյունքներով:
Որպես Գործարար խորհրդի հիմնադիրներ են հանդես եկել Ղազախստանի ձեռնարկատերերի ազգային պալատը՝ «Աթամեքեն»-ը, Ռուսաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միությունը, Բելառուսի «Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի համադաշնություն» ոչ առեւտրային կազմակերպությունների միությունը, Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի (գործատուների) միությունը, Ղրղզստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միությունը:
Խրիստենկոն դարձել է Գործարար խորհրդի առաջին նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: