Բաժիններ՝

Ինչպես և ինչու մեծացնել ԱԺ կայքէջի այցելուների թիվը

Այսօր Ազգային ժողովում 2015  թվականի պետական բյուջեի կատարողական հաշվետվության ներկայացման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ 2015 թվականին ԱԺ կայքէջի այցելուների թիվը նախատեսվածից քիչ է:

Նա ԱԺ աշխատակազմից ղեկավար Հրայր Թովմասյանին հարցրեց՝ արդյոք եթե իր նախաձեռնությունն անցներ՝ ԱԺ հանձնաժողովների նիստերն ուղիղ հեռարձակելու մասով, դա չէ՞ր նպաստի, որ այցելուների թիվը մեծանա:

Հ. Թովմասյանը համաձայնեց, որ եթե հանձնաժողովների նիստերը հեռարձակեն, այդ ցուցանիշը կարող է ավելանալ, բայց նշեց, որ դա միջազգային լավ պրակտիկա չի համարվում, շատ երկրներում ձեռնպահ են մնում հանձնաժողովների նիստները ուղիղ հեռարձակելուց, որովհետև հաճախ լրատվամիջոցների ներկայությունը չի նպաստում, որ կոմպրոմիսային լուծումներ տրվեն որոշակի հարցերին: Սակայն, նա նշեց, որ, այնուամենայիվ, այդ հարցի քննարկման անհրաժեշտությունն ինքը տեսնում է:

Հ. Թովմասյանը դժվարացավ ասել, թե ինչո՞վ է բացատրվում իրենց կայքէջի այցելուների թվի քիչ լինելը: «Հավատարմագրված լրագրողների թիվն էականորեն մեծացել է, և ԱԺ պաշտոնական կայքէջը տեղեկություն տալու մասով առաջինը լինելու մեջ կարող է հարաբերական լինել: Կարող է դրանով է պայմանավորված, շատ խորը վերլուծություններ այս առումով չունեմ»,-նշեց Հ. Թովմասյանը:

Կարդացեք նաև

Թ. Պողոսյանը պնդեց, որ հանձնաժողովների նիստերի ուղիղ հեռարձակումները կարող են նպաստել, որ շատ պատգամավորներ գան և մասնակցեն նիստերին, իսկ այն նիստերը, որոնք պետք է փակ լինեն, կարող են այդ դեպքում էլ փակ լինել:  «Հիմա ես չեմ հասկանում` ի՞նչը պետք է փոխենք հաջորդ տարվա համար, որ այցելուների թիվը մեծանա, ի՞նչ ենք անելու՝ լրագրողների քանա՞կն ենք պակասեցնելո՞ւ այստեղից»,-հայտարարեց Թ. Պողոսյանը:

Հ. Թովմասյանն ասաց, որ հիմա որոշակի աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, ԱԺ կայքէջում լինելու է մի տեղ, որտեղից մարդիկ կարող են այցելություններ կատարել ԱԺ գրասենյակները, դահլիճները, ծանոթանալ պատմությանը. «Եթե կան առաջարկներ, մեծ սիրով կընդունենք»:

Ավելացնենք, որ Similarweb-ի տվյալներով՝ ԱԺ կայքը (parliament.am) վերջին երեք ամիսներին ունեցել է ամսական միջինը 85 հազար այցելություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս