ՀՀ օմբուդսմենը՝ քառօրյա պատերազմի բռնությունների մասով Եվրոպայի խորհրդի անդամների հետ ունեցած քննարկումների մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորում է այն, որ մի շարք լրագրողներ և փաստաբաններ պատրաստվում են դիմել միջազգային ատյաններին ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ա. Թաթոյանը նշեց, որ շատ կարևոր է ճիշտ որոշելը, թե որ մամիններին ենք դիմում ու ինչ պահանջներ ենք ներկայացնում:
«Կարևորում եմ այս հարցի բարձրացումը լրագրողների և մասնագիտական հանրության կողմից, որովհետև որքան շատ հստակ խոսվի ու պրոֆեսիոնալ առումով խոսվի, դա միայն օգնում է»,- նշեց օմբուդսմենը:
Նա հայտնեց, որ ինքն այդ հարցը բարձրացրել է Եվրոպայի խորհրդում, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ ունեցել է հանդիպում, դրանից հետո՝ տնօրինությունների ղեկավարների հետ. «Հստակ որոշակի քայլեր քննարկվել են, բայց հիմա չեմ կարող ամբողջական հրապարակել, քանի որ քննարկումներ են ընթանում: Շատ շնորհակալ եմ լրագրողներին, որ պրոֆեսիոնալ մակարդակով դա արվեց»:
Ա. Թաթոյանը կարծում է՝ Եվրոպական դատարանի և այլ ատյանների միջոցով պետք է հասնել այդ հարցի քննարկմանը. «Բայց խոսքը միայն չպետք է վերաբերի միջկառավարական կառույցներին, շատ կարևոր կարող են լինել վերպետական կառույցները, շատ կարևոր է՝ հարցը բարձրացվի ընդհանուր ատելության խոսքի և բռնության քարոզի պայմաններում, որովհետև անթույլատրելի է 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի տարածքում ունենալ մի վիճակ, որ կարող է նման դաժանություններ լինեն՝ անկախ տարածքի կարգավիճակից»:
ՀՀ օմբուդսմենը շատ կարևորում է եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի քննադատությունը. «Այն կարևոր կառույցներից է, որ չեզոք քննադատություն արեց: Որքան շատ ունենանք նման դիրքորոշումներ, այնքան հետագայում շատ ավելի շատ արդյունքների կհասնենք: Սա այնպիսի համակարգային հարց է, որ պետք է մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից անընդհատ ուշադրության կենտրոնում պահել, եթե չկանխարգելվեն, ավելի մեծ դաժանություններ կլինեն»:
Նա համաձայնեց այն դիտարկման հետ, որ հասցեական գնահատականներ պետք է լինեն, և նշեց, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Չափազանց կարևորում եմ այս առումով Արցախի մարդու իրավունքների պաշտպանի դերը, որովհետև ոչ միայն միջանկյալ զեկույց հրապարակեց, այլև՝ իրավական հստակ վերլուծություն»,- նկատեց Ա. Թաթոյանը: