Բաժիններ՝

«Սրան պետք է վերջ դրվի». Թաթուլ Մանասերյան

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը մայիսի 20-ին ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ Հայաստանում տեղի ունեցած Եվրասիական ﬕջկառավարական խորհրդի հերթական նիստը գնահատում է դրական հատկապես ավելի մեծ սպառողական շուկայում հայրենական արտադրությունը շրջանառելու տեսանկյունից:

«Ես ենթադրում եմ, որ նման ծրագրերը պետք է միտված լինեն տեղական արտադրության զարգացմանը»,-  լրագրողների հետ զրույցում նշեց տնտեսագետը` անդրադառնալով նաև Հայաստան-Չինաստան համագործակցությանը` հատկապես կարեւորելով Չինաստանի կողմից նախաձեռնած Մետաքսի մեծ ճանապարհի ծրագիրը:

«Արդեն քառորդ դար է` անկախությունից ի վեր Հայաստանին փորձել են մեկուսացնել ոչ միայն տարածաշրջանային մի շարք ծրագրերից, այլև հենց Մետաքսի մեծ ճանապարհի ծրագրից: Իսկ այժմ տարածաշրջանային ծրագրերում դա կարող է լուրջ նախադեպ լինել, ինչը նշանակում է, որ բացի բազմակողմ ծրագրերից, Հայաստանը պետք է պրոակտիվ քաղաքականություն վարի Չինաստանի հետ եւ չինական անսպառ շուկան օգտագործի Հայաստանի տնտեսության զարգացման համար»,-ասաց Մանասերյանը:

Խոսելով վարչապետի` կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ արած հայտարարության մասին` տնտեսագետը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի ցանկացած փորձ պետք է ունենա մեկ կարեւոր գործիք` պատիժ:

«Պետք է համարժեք պատիժ կիրառվի կոռուպցիայի դրսեւորումների դեմ, իսկ կառավարությունն ունի դրա լծակները: Նաեւ կարծում եմ, որ հատկապես քաղհասարակությունը, փորձագիտական հանրությունը պետք է շատ ակտիվ մասնակցություն ունենան այս գործընթացին: Առանց հանրության մասնակցության, ես անձամբ չեմ հավատում պայքարի արդյունավետությանը, եւ այդ հասարակական խորհուրդները, որոնք բացվում են նախարարություններին կից, պետք է մի քիչ ավելի կոնկրետ դրսեւորում ստանան, պետք է լինեն փորձագիտական խորհուրդներ, այլ ոչ թե գրանտակեր կառույցներ»,-համոզված է տնտեսագետը:

Թաթուլ Մանասերյանի խոսքով` պորտաբույծների թիվը շատ է, եւ օպտիմալացման աշխատանքների արդյունավետությունը միայն մեքենանաների թվով չէ, որ սահմանափակվում է:

«Ոչ միայն այդ մեքենաները, այլեւ նույն բիզնես կլասով շրջագայությունները. կարծում եմ, որ կառավարությունը խստագույնս պետք է հաշվառի բոլոր ուղեւորությունները եւ հաշվետվություններ պահանջի ցանկացած գործուղման համար: Լուրջ փոփոխություններ պետք է կատարվեն նաեւ կադրային քաղաքականության մեջ: Սրան պետք է վերջ դրվի, պետք է հնարավորություն տալ երիտասարդներին, այլ ոչ թե թույլ տալ, որ նրանք դուրս գան հանրապետությունից»,- ասաց Մանասերյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս