Նաիրա Զոհրաբյանը լքեց նիստերի դահլիճը
«Եթե իմ հիշողությունը չի դավաճանում, իսկ իմ հիշողությունը, կարծում եմ, չի դավաճանում, մենք յուրաքանչյուր տարի անընդհատ առաջարկում ենք, որ այստեղ ներկա լինեն գերատեսչությունների ղեկավարները»,- այսօր ԱԺ-ում Պաշտպանության, ազգային անվտանգության և Ներքին գործերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատատեղ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ այսօր վերոնշյալ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2015 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը, որի ներկա են գերատեսչությունների փոխնախարարները:
Ըստ Ն. Զոհրաբյանի՝ սա հստակ վերաբերմունք է պատգամավորների նկատմամբ: «Կարծում եմ՝ նախարարները կամ գերատեսչությունների ղեկավարները կարող էին իրենց սրբազան ժամանակից մեկ ժամ հատկացնել՝ այստեղ լինել ու պատասխանել պատգամավորների հարցերին: Կարծում եմ՝ առնվազն անհարգալից կլիներ, որ մենք բոլորս դուրս գայինք, ու այստեղ գային մեր փորձագետները ու լսեին այս հաշվետվությունը: Ուզում եմ հասկանալ՝ ունե՞նք մենք հիմնավորում, պատճառաբանում, թե ինչու են այստեղ ներկա բոլոր գերտեսչությունների փոխնախարարները: Սա, ի վերջո, նաև հստակ ընդգծված վերաբերմունք է, ես հիմա դուրս կգամ, ու իմ փոխարեն կուղարկեմ այստեղ իմ փորձագետին»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:
Նա ցանկանում էր լքեր Նիստերի դահլիճը, սակայն Կորյուն Նահապետյանը հորդորեց մնալ և լսել նրա բարձրացրած հարցի պատասխանը:
«Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 88-րդ հոդվածի համապատասխան՝ նախատեսված է նախնական քննարկումների ընթացակարգը հանձնաժողովերի համատեղ նիստում, և նշված է, թե ովքեր կարող են մասնակցել այդ նիստերին: Վարչապետն ինքն է որոշում՝ ում լիազորել մասնակցել նախնական քննարկումներին հանձնաժողովների համատեղ նիստում: Այս անգամ բյուջեի կատաման հաշվետվության ժամանակ որոշվել է՝ այս ձևով լինի, և լիազորված են այս նիստին մասնակցել փոխնախարարները»,- նշեց Կ. Նահապետյանը, որի խոսքով, իրենք ևս մտահոգված են, որ նշված բնագավառներում համապատասխան ղեկավարներն անձամբ չեն մասնակցում քննարկումներին, որովհետև ըստ նրա՝ բյուջեի կատարման հաշվետվությունը ֆինանսական փաստաթուղթ չէ, այլ իրենք անդրադառնում են քաղաքականությանը, քաղաքականության արդյունքներին, ու «շատ ցանկալի է, որ այդ գերատեսչությունների ղեկավարներն անձամբ մասնակցեին այս նիստերին, բայց դա կառավարման որոշելու հարցն է»:
Կ. Նահապետյանի պատասխանից հետո Ն. Զոհրաբյանը լքեց Նիստերի դահլիճը: