«Վերջին մեկուկես կամ երկու տասնամյակի ընթացքում աննախադեպ բարձր կատարողական է արձանագրված 2015 թվականին». Ֆինանսների փոխնախարար
Այսօր Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով 2015 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը՝ նշեց, որ չենք կարող գտնել մի ծրագիր, որի համար իրենք պարտավորություն ստանձնած լինեն պետական մարմնի կողմից, և դրա դիմաց գումարներ վճարված չլինեն:
Նրա խոսքով՝ վերջին մեկուկես կամ երկու տասնամյակի ընթացքում աննախադեպ բարձր կատարողական է արձանագրվել 2015 թվականին:
Անդրադառնալով Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացված գումարներին՝ Ա. Ջանջուղազյանը նշեց, որ 2015 թվականի բյուջեով նախատեսված էր՝ 23, 2 միլիարդ դրամ, որի դիմաց արձանագրվել է 99, 62 տոկոս կատարողական, օգտագործվել են 23,1 միլիարդ դրամի միջոցներ: «Այս ծախսերի մեջ տեսակարար կշիռ ունի Փրկարար ծառայության համար նախատեսված գումարը»,- նշեց նա՝ նկատելով, որ այս նախարարությունում ընդհանուր առմամբ բյուջետային դասակարգման 38 ծրագիր է իրականացվել:
«Ոստիկանության բյուջեով նախատեսված էր իրականացնել 16 ծրագիր, որից չորսը արտաբյուջետային հաշիվներով շրջանառվող միջոցներին է վերաբերում: Ընդհանուր առմամբ Ոստիկանության բյուջեն կազմել է 64, 8 միլիարդ, փաստացի ցուցանիշն արձանագրվել է 64, 8 միլիարդ կատարողական: Ազգային անվտանգության ծառայության համար 2015 թվականի բյուջեով նախատեսվել է 17, 5 միլիարդ դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 97. 98 տոկոս: Պետական պահպանության ծառայության համար նախատեսվել է 2.7 միլիարդ դրամ, որն օգտագործվել է ամբողջությամբ»,- նշեց Ա. Ջանջուղազյանը: