Բաժիններ՝

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ու բանակցային ճանապարհով. Նովրուզ Մամեդով

Այսօր բոլորը հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վաղ թե ուշ պետք է լուծվի, ընդ որում՝ խաղաղ ու բանակցային ճանապարհով: Այս մասին, ինչպես հայտնում է Trend գործակալությունը, ANS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը:

Նա նշել է, որ ապրիլյան իրադարձությունները հակամարտ զորքերի շփման գծում, հերթական անգամ գրավեցին համաշխարհային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների ուշադրությունը հակամարտության նկատմամբ՝ ցույց տալով, որ դա «սառեցված հակամարտություն» չէ:

«Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում, Եվրոպայում, ինչպես նաև Ռուսաստանում կարծիք է ձևավորվել, որ հարկավոր է ուշադիր լինել այս հակամարտության հանդեպ, եկել է դրա լուծման ժամանակը»,- ասել է Մամեդովը:

Մեկնաբանելով մայիսի 16-ին Վիենննայում կայացած հանդիպումը՝ Մամեդովն ասել է, որ Ադրբեջանի ցանկությունը միջազգային իրավունքի նորմերի շրջանակում հակամարտության արդար կարգավորումն է: «Դրա համար նախապատվությունը տվեցինք բանակցություններին ու խաղաղ ճանապարհին»,- հավելել է նա:
Մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման հարցը՝ Մամեդովն ասել է, որ Ադրբեջանն այդ առնչությամբ արտահայտել է իր պաշտոնական դիրքորոշումը: «Հիմնական գաղափարը հրադադարի ռեժիմի ամրապնդումն էր: Դրա հետ կապված՝ հնչել են մի շարք առաջարկներ, որոնցից մեկը մոնիթորինգի անցկացման համար ԵԱՀԿ ներկայացուցչի մանդատի ընդլայնումն է: Մենք ասացինք, որ ընդունում ենք համանախագահող երկրների այդ առաջարկները ու դեմ չենք այդ տվյալ առաջարկին»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը մինչ այդ էլ ունեցել է մոնիթորինգ անցկացնելու հնարավորություն:

«Եթե պետք է մոնիթորինգ լինի, թող լինի, մենք դեմ չենք, եթե կա որոշակի ընդլայնման հնարավորություն, լիազորություններն ընդլայնվեն»,- ասել է նա՝ հավելելով, թե Ադրբեջանի ցանկությունը տվյալ հարցում այն է, որ իրադարձություններին տրվի արդարացի ու ճիշտ գնահատական:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին՝ Վիեննայի հանդիպումից երկու օր անց, նույն Մամեդովը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակի լիազորությունների ավելացման վերաբերյալ, ասել էր, թե «Անջեյ Կասպրչիկի լիազորություններում առարկայական փոփոխություններ լինել չեն կարող»:
«Հայտարարության մեջ նշվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է, ﬔնք այս հարցում պարտավորություն չենք վերցրել ﬔզ վրա»,- հայտարարել էր Մամեդովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս