Ռուսները չեն հավատում, որ կարող են բարձր տնտեսական աճ ունենալ
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը գործնականում անհնար է համարում տարեկան 5-7% տնտեսական աճի տեմպերին վերադառնալը։ Այս մասին գրում է RBC-ն՝ հղում անելով ՌԴ նախագահին կից տնտեսական խորհրդի նիստի փաստաթղթերին։
Նիստը տեղի է ունենալու մայիսի 25-ին։ Դրա ընթացքում ներկայացվելիք փաստաթղթերին ծանոթացել է ՏԱՍՍ գործակալությունը։
ՏԶ նախարարությունը համոզված է, որ աճի այդպիսի տեմպեր անհնար կլինի ապահովել անգամ այն դեպքում, եթե նավթի գինը գերազանցի 50 դոլարը։
«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ անգամ նավթի բարձր գների դեպքում՝ մեկ բարելի դիմաց 50 դոլարից ավելի, աճի նախկին տեմպին՝ 5-7%-ին վերադառնալը գործնականում անհնար է», — ասվում է փաստաթղթում։
Գերատեսչությունը պարզաբանել է, որ այդ գնահատականը պայմանավորված է համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող գլոբալ կառուցվածքային փոփոխություններով։
ՌԴ ՏԶՆ մասնագետների կարծիքով՝ Ռուսաստանի տնտեսության պոտենցիալ աճի տեմպը տատանվում է 2%-ի սահմաններում, սակայն այն կարելի է ավելացնել մինչև 4%։ Դրա համար անհրաժեշտ է «աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և ներդրումների խթանում»։