Պակասուրդ` 4.8%, պարտք` 48.7%, եկամուտներ` 93.3%. Ինչպե՞ս է կատարվել 2015-ի բյուջեն
Հաջորդ շաբաթ Ազգային ժողովում կմեկնարկեն 2015 թ. բյուջեի կատարողականի քննարկումները: 11 օր շարունակ պատգամավորները կլսեն կառավարության անդամների զեկուցումները` ինչ են արել անցած տարի և ինչքան են ծախսել:
ԱԺ Ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը 168.am-ի զրույցում նշեց, որ միայն 11 օր հետո գնահատականներ կտա և կխոսի բյուջեի կատարողականի մասին, այդ թվում` բյուջեի պակասուրդի:
Մինչդեռ, ցուցանիշներն այնքան էլ դրական չեն: Մասնավորապես` բյուջեի պակասուրդը 2015 թ.-ին կազմել է ՀՆԱ-ի 4.8%-ը, նախորդ տարվա 1.9%-ի համեմատ: Պակասուրդի ֆինանսավորման գերակշիռ մասը կատարվել է արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավմամբ, պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48.7%: 2015 թվականի արտաքին պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է
41.4%: Տնտեսական աճը կազմել է 3%՝ կրելով հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող դրամական փոխանցումների կրճատման արդյունքում իրական տնօրինվող եկամտի նվազման, ինչպես նաև՝ տնտեսությունում վարկավորման մակարդակի նվազման ազդեցությունը:
Արտաքին ապրանքաշրջանառությունը 2015 թվականին կազմել է 4740.9 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ նվազելով շուրջ 20.6%-ով: Առանց արտաբյուջետային միջոցների` պետական բյուջեի եկամուտները կազմել են 1131.6 մլրդ դրամ` ապահովելով 93.3% կատարողական: