Microsoft-ը վաճառեց Nokia-ն ամբողջությամբ, Իրաքում անջատվեց համացանցը, ցուցադրվեց խելացի ճամպրուկը. կարևորը՝ այս շաբաթ
Նախորդ շաբաթ տեխնոլոգիական աշխարհը հագեցած էր նորություններով: Մասնավորապես ներկայացվեց երկար սպասված Doom խաղը, առաջին խելացի ճամպրուկը, և այլն:
Ներկայացնում ենք ՀայԹեք աշխարհում ամենաքննարկվող նորությունները:
Microsoft-ը վաճառեց Nokian ամբողջությամբ
Այս շաբաթ իր մասին հիշեցրեց Nokia ընկերությունը: Nokia-ն և Microsoft-ը վերջնականապես խզեցին հարաբերությունները: Այս մասին շատ էր խոսվում, և այս պատմության ավարտը հենց այսպես էլ կանխատեսվում էր: Microsoft կազմակերպությունը վաճառեց Nokia-ի մնացած մասը FIH Mobile Ltd ընկերությանը: Ի դեպ, Nokia-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ շուտով ընկերությունը կթողարկի սմարտֆոն Android օպերացիոն համակարգով:
Ներկայացվեց խելացի ճամպրուկի օրինակը
Xiaomi ընկերությունն իր օգտատերերին ուրախացնում է ոչ միայն սմարտֆոններով և պլանշետներով, այլև անընդհատ թարմացվում է առաջարկվող իրերի տեսականին: Այս շաբաթ ընկերությունը ներկայացրել է մետալիկ խելացի ճամպրուկը, որը կարելի է բացել և փակել սմարտֆոնի օգնությամբ: Սա խելացի ճամպրուկի դեռևս ոչ ամբողջական տարբերակն է:
Ներկայացվեց Doom խաղը
Ներկայացվեց երկար սպասված Doom շութերը: Խաղը բավականին ջերմ ընդունվեց հանդիսականների կողմից:
Այս խաղում ամփոփված է այն ամենը, ինչ սիրում են շութերների սիրահարները՝ շատ տակտիկաներ, արյուն և նոր զենքեր:
Տեսախցիկ՝ նկարների թվայնացման համար
Google-ը ներկայացրել է նոր Art Camera-ն, որը նախատեսված է հայտնի նկարների թվայնացման համար: Նախագծի հեղինակները կարծում են, որ այս միջոցով հնարավոր կլինի շատ լավ որակով պահպանել կերպարվեստի գլուխգործոցները և հասու դարձնել դրանք ապագա սերունդների համար:
Իրաքում անջատել են համացանցը
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հեռախոսների, սմարտֆոնների և թաբլեթների առկայությունը մի քանի անգամ հեշտացնում է քննությունների հանձնման գործընթացը: Տարբեր ուսումնական հաստատություններում մտածվում են զանազան մեթոդներ այս խնդիրը լուծելու համար: Ողջ Իրաքում քննությունների օրերին ժամը 8-11-ն անջատվել է ինտերնետ կապը:
Սիրարփի Աղաբաբյան