Բաժիններ՝

«Իրենց կաբինետներում նստած հայտարարում են, որ ուրիշ հնարավորություն չունենք, իսկ ո՞վ ասաց, որ չունենք». Տնտեսագետը՝ գազի սակագինը 9.3 դրամով իջեցնելու մասին

Գազի սակագնի՝ 9.3 դրամով նվազումը տնտեսական առումով էական տեղաշարժ չի առաջացնելու: Այս կարծիքին է տնտեսագետ Գագիկ Մակարյանը, ով 168.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ սպառողներն առանձնակի չեն զգա գազի սակագնի նվազումը:

Ինչպես հայտնի է, երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ մինչև այս ամսվա վերջ նիստ կգումարի, որպեսզի որոշում կայացվի գազի սակագինը 9.3 դրամով իջեցնելու մասին: Նա նաև հայտնել է, որ գազի գինն իջեցնելու առաջարկ է ներկայացրել «Գազպրոմ-Արմենիան»՝ հիմնվելով անցած ամիս Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված գազային նոր համաձայնագրի վրա:

Գ. Մակարյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում սահմանի վրա գազը մոտ 37 դոլարի չափով իջել է, ինչը, ըստ նրա՝ նշանակում է, որ սահմանի վրա ավելի քիչ տուրքեր են վճարում պետությանը, որովհետև էժանացված գին է դառնում:

«Երբ դեռ խոսակցությունը գնում էր էժանացման, ես ասում էի, որ լավագույն դեպքում մի 20 դրամ կէժանացնեն, բայց, փաստորեն, դրա կեսն էլ չեղավ: Տնտեսական առումով այն մեծ էֆեկտ չի առաջացնի: Ճիշտ է, ինչ-որ չնչին օգուտ կարող է լինել, բայց ապրանքների էժանացում կամ ժողովրդի գնողունակության մեծացում, չեմ կարող ասել, որ կլինի»,- նշեց տնտեսագետը:

Նա նկատեց, որ հնարավոր է՝ գազի սակագնի նվազման մասին լուրերը մոտիվացնեն շատ բնակիչների, որոնք նախկինում քիչ էին օգտագործում գազ, ու նրանք սկսեն ավելի շատ գազ օգտագործել, ինչն օգուտ կբերի «Գազպրոմ-Արմենիային». «Մտածեն՝ մի քիչ էժանացել է, ավելի շատ օգտագործեն, սպառման ծավալները կարող է մի քիչ աճեն, որն օգտակար կլինի «Գազպրոմին» և, իհարկե, որոշակի հարկերի մասով՝ նաև մեր պետությանը: Բայց տնտեսական առումով էական տեղաշարժ չի առաջացնելու»:

Ըստ Գ. Մակարյանի՝ այս քայլն ավելի շատ քաղաքական նշանակություն ուներ: Նա հիշեցրեց, որ, երբ սահմանի վրա գազի գինն իջնում էր, բոլոր տնտեսագետները, փորձագետները քննադատում էին, թե ինչո՞ւ դա չի ազդում նաև սակագնի վրա: «Հիմա քայլ արվեց քաղաքական, իհարկե, ինչ-որ փոքր մասով՝ նաև տնտեսական նշանակության, նաև սպառողներին հանդարտեցնելու համար, որ տեսեք՝ մենք սա էլ ենք կարողանում անել»,- նշեց մեր զրուցակիցը:

Տնտեսագետի կարծիքով՝ այստեղ ավելի մեծ խնդիրն այն է, որ մենք կարողանանք դոլարի փոխարեն՝ ռուբլի վճարել գազի համար: Նա նկատեց, որ Ռուսաստանը եվրոպական շատ մատակարարներից ռուբլով է գնում, այնինչ մեզ, լինելով իրենց բարեկամ կամ Մաքսային միության անդամ երկիր, շարունակում են դոլարով վաճառել. «Մեր ռուբլին էլ այստեղ մնում է, կուտակվում է, չեն իմանում՝ դա ինչ անել, անընդհատ ռուբլու զոնայում ենք գտնվում, այդ ռուբլին պետք է հետ տարվի: Հայաստանն այսօր դոլարի դեֆիցիտ ունի, բայց մենք մեր եղած դոլարը կտրում ենք՝ տալիս ենք գազի դիմաց»:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը երեկ ասել էր, որ սակագինն էլ ավելի իջեցնելու հնարավորություն չկա. «Քանի որ միջպետական համաձայնագրով է դա արվում։ Գազի սակագինն իջնում է 150՝ այն պայմանով, որ եկամուտները մնան ընկերություններին, այսինքն, այն ամբողջ եկամուտը, որ ձևավորվում է այդ տարբերությունից, ամբողջությամբ իջեցված է, այլևս իջեցնելու հնարավորություն չկա»:

Գ. Մակարյանը չի գտնում, որ դա ճիշտ հիմնավորում է: «Իրենք այդ 600-700 էջանոց փաթեթները չեն էլ ուսումնասիրում, որ դրվում է իրենց առաջ, ոչ էլ կարողանում են նորմալ հաշվարկներ անել: Նույնը՝ էլեկտրացանցերի դեպքում. բացահայտվում է, որ շատ օլիգարխներ, մեծահարուստներ հոսանքի փող տարիներով չեն մուծել, ակնհայտ այդ ցանցն իմացել է, բայց ժողովրդի վրա է այդ ամբողջ կորուստները վերագրում, այսինքն՝ ամբողջ ժողովուրդը թանկացած հոսանքի համար վճարում էր՝ չվճարողների պատճառով: Եվ դրա մասին Ռոբերտ Նազարյանը երևի գիտեր, կամ պետք է հասկանար, որ պետք ուսումնասիրեր՝ ինչո՞ւ կա այդքան կորուստ: Իրենց կաբինետներում նստած՝ հայտարարում են, որ ուրիշ հնարավորություն չունենք, իսկ ո՞վ ասաց, որ չունենք, ո՞վ է ապացուցել, թող ցույց տան հաշվարկները՝ տեսնենք՝ իրենք ունե՞ն, թե՞ ոչ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս