
Ո՞վ կարող է լինել ՀԷՑ-ի տնօրեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավար աշխատողները պետք է համապատասխանեն Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած չափորոշիչներին: ՀԾԿՀ մայիսի 25-ի նիստում կքննարկվի և կթարմացվի ՀԷՑ տնօրինությանը ներկայացվող չափորոշիչների ցանկը:
Ըստ որոշման նախագծի` ընկերության գլխավոր տնօրենը պետք է ունենա բարձրագույն կրթություն և առնվազն 15 տարվա աշխատանքային փորձ, որից 10 տարին՝ ղեկավար պաշտոններում, ֆինանսական և տնտեսագիտական գծով աշխատանքները համակարգող բարձր ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պետք է ունենա ֆինանսական և տնտեսագիտական ոլորտի բարձրագույն կրթություն և առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որից 5 տարին՝ ղեկավար պաշտոններում, տեխնիկական գծով աշխատանքները համակարգող բարձր ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պետք է ունենա համապատասխան ինժեներ (ճարտարագետ) որակավորմամբ բարձրագույն կրթություն, էլեկտրաէներգետիկական համակարգում առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որից 5 տարին՝ ղեկավար պաշտոններում: