«ՀՀԿ-ն չորսօրյա պատերազմից հետո որևէ կերպ դասեր չքաղեց». Զարուհի Փոստանջյան

Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ անցած քառօրյայում ընդունված Ընտրական օրենսգիրքը հակասում է ՀՀ շահերին: Ըստ նրա` ՀՀԿ-ն չորսօրյա պատերազմից հետո որևէ կերպ դասեր չքաղեց և շարունակում է ապօրինությունները, որ անկախության տարիներից ի վեր իրականացրել է իշխող կուսակցությունը:

«Սա նշանակում է, որ իրենք ներքին քաղաքականության մեջ չեն պատրաստվում անցկացնել օրինական ընտրություններ, չեն պատրաստվում զիջել, շարունակելու են իրենց արատավոր գործունեությունը, որն անդրադառնում է մեր արտաքին հարաբերությունների վրա, որը կործանարար է լինելու ՀՀ համար»,- ասաց Զ.Փոստանջյանը:

Անդրադառնալով երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ ընդամենը 800 հա է զավթվել և դա նշանակություն չունի` Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ փաստացի ունենք տեղահանված Թալիշ գյուղ, դա նշանակում է է, որ ռմբակոծման վտանգի տակ է Մարտակերտը, և մենք ունենալու ենք նահանջներ, նաև Իրանի հետ սահմանն է խոցելի դարձել:

«Դրանք շատ կարևոր, ռազմավարական նշանակության գոտիներ են»,- ընդգծեց պատգամավորը:

Զ.Փոստանջյանի խոսքով` պետության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դավաճանություն է տեղի ունեցել, այս հայտարարություները միանշանակ մատնանշում են, որ իրենք հանդիսանում են դավաճաններ, իսկ դավաճանների նկատմամբ պետք է սկսվի համապատասխան գործընթացներ և նրանք պետք է դատապարտվեն. «Սա պետք է լինի մեր առաջնային օրակարգը: Մեր առաջխաղացումը կասեցվել է հենց ՀՀ ներկայացուցչի կողմից, Խաչատուրովը հենց այնպես չէր մեկնել Մոսկվա, և վերականգնելով նախկին դիրքերը, կասեցվել է մեր առաջխաղացումը: Ու հայտարարվում է, որ նշանակություն չունի այդ 800 հեկտարը, մինչդեռ, դրա հետևանքով մենք ունենք դատարկված գյուղ և դրա հետևանքով ունենք ռմբակոծման վտանգի տակ գտնվող Մարտակերտ»:

Զ.Փոստանջյանի խոսքով` անդորրը երկար չի տևելու, Ռուսաստանը ցանկանում է, որ Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ, իսկ Ադրբեջանն էլ չի ցանկանում հրաժարվել իր կողմից պարտադրված պատերազմից: Նրա կարծիով` մեր առաջին խնդիրը պետք է լինի առանց որևէ մեկին լսելու այդ 800 հա վերադարձնելը, այլապես ագրեսիայի շարունակվելու դեպքում մենք նորից ունենալու ենք զոհեր:

«Որևէ այլ մայրաքաղաքում մեր խնդիրներին լուծում չի լինելու»,- շեշտեց Զ.Փոստանջյանը:

Տեսանյութեր

Լրահոս