Բաժիններ՝

Քանի քաղծառայող կկրճատվի

Դեռ վաղ է խոսել այն մասին, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարության արդյունքում քանի քաղծառայող կկրճատվի: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

«Ես միշտ եմ ասել, որ մեր ապարատները օպտիմալացնելու կարիք ունեն,  և հիմա էլ նույն կարծիքին եմ: Այլ բան է, որ երբեմն նաև քննարկվում է, որ դա նաև սոցիալական խնդիր է, բայց խոսքս գուցե մի փոքր լավ չհնչի, անկեղծ ասում եմ՝ ես այն կարծիքին եմ, որ պետական կամ քաղաքացիական ծառայությունը սոցիալական խնդիր լուծելու համար չէ: Հենց նաև դրա պատճառով է, որ մեր պետական ծառայության որակը մեզ չի բավարարում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այժմ մոտ 7000 քաղաքացիական ծառայության պաշտոններ կան, այդ թվում՝ նաև թափուր հաստիքներ կան, առաջին հերթին թափուր հաստիքները  պետք է կրճատվեն: Նա նշեց, որ հանձնաժողով է կազմվել, որը կներկայացնի առաջարկներ:

«Ես ձեզ մի բան էլ ասեմ՝  որպես ՀՀ քաղաքացի, եթե հաստիքները զբաղեցվում են կամ զբաղեցված են մարդկանց կողմից, ովքեր իրենց արդյունավետ գործունեությունը չեն բերում պետական կառավարման համակարգում, եկեք դեմ չլինենք այդ հաստիքների կրճատմանը: Մենք տեսնում ենք նաև այդ երևույթը, դուք էլ շատ լավ կիմանաք. կան ստորաբաժանումեր, որտեղ կան սրտացավ, աշխատասեր, բարեխիղճ մարդիկ, և նրանց կողքին լինում են նաև մարդիկ, որոնք այդ որակով գործունեություն չեն իրականացնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս