ԵՏՄ երկրները Սինգապուրի հետ ձեռք են բերել տնտեսական համագործակցության մասին պայմանավորվածություն
ԵՏՄ երկրները Սինգապուրի հետ պայմանավորվել են ծավալել տնտեսական համագործակցություն մի շարք ուղղություններով: Փոխըմբռնման մասին հուշագիրը չորեքշաբթի ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լուն, հայտնում է RIA Novosti-ն:
Փաստաթուղթը նախատեսում է կողմերի միջև համագործակցություն տարածաշրջանային տնտեսական ինտեգրման, մաքսային վարչարարության, տեխնիկական կարգավորման, ֆինանսների, տրանսպորտի, էներգետիկայի, ագրոարդյունաբերական համալիրի, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Փոխգործակցությունն իրականացվելու է նաև համատեղ աշխատանքային խմբի շրջանակում, որը հանդիպելու է տարեկան առնվազն մեկ անգամ: Ավելի վաղ նման փաստաթղթեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստորագրել էր Կամբոջայի, Պերուի, Չիլիի և Մոնղոլիայի հետ:
Ինչպես նշել է Տիգրան Սարգսյանը, հուշագիրը նոր էջ է բացում կողմերի փոխհարաբերություններում: Իր հերթին, Սինգապուրի վարչապետը հայտարարել է, որ փաստաթուղթը պետք է հարթակ դառնա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Սինգապուրի միջև, որը «թույլ կտա մեզ բացել համագործակցության նոր ոլորտներ, ինչպես նաև թույլ կտա մեր գործնական ու պաշտոնական շրջանակներին ծանոթանալ միմյանց հետ»:
Նա վստահություն է հայտնել, որ դա «նոր հնարավորություններ կբացի առևտրի և ներդրումների ոլորտում»: