«ՎՊ-ին կռտելու ուղղությումբ միտում է նկատվում». Լևոն Զուրաբյան

«2012 թվականից ի վեր Վերահսկիչ պալատի հաշվետվությունների ներկայացումը միշտ եղել է իրադարձություն, սակայն այսօր ԱԺ դահլիճում ներկա են միայն 12 պատգամավոր: Ամեն մի հաշվետվություն իրադարձություն էր, քանի որ ներկայացվում էր բարեխիղճ աշխատանք` լուրջ մսխումների, կոռուպցիայի վերաբերյալ»,- այսօր ԱԺ նիստում ՎՊ 2015 թ. տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` միաժամանակ հավելելով, որ ինքն ունի դեժավյուի զգացում, քանի որ տարեցտարի ներկայացվում են չարաշահումների մասին փաստերը, բայց ոչ ոք չի պատժվում, աշխատանքից չի հեռացվում, ոչինչ չի փոխվում, կառավարությունը ոչինչ չի անում և տպավորություն է, որ սա ինչ-որ անպտուղ աշխատանքի արդյունք է:

Ըստ նրա` փոխվում է միայն հաշվետվությունների մատուցման ձևը, եթե 2011թ-ին նշվել էր 500 մլն դոլարի չարաշահման մասին, 2012-ին` 700 մլրդ դրամ էր կոռուպցիոն ռիսկի գոտում, 2013-ին և դրանից հետո գումար չի ներկայացվել: Լ.Զուրաբյանի կարծիքով` կառավարությունն ու իշխանությունն ամեն ինչ արեցին, որ ՎՊ դերը նվազեցվի, որովհետև ՎՊ բացահայտումները դառնում էին բուռն արձագանքի պատճառ ու ապացույց կոռուպցիայի ահռելի չափերի մասին:

«ՎՊ-ին կռտելու ուղղությումբ միտում է նկատվում»,- ասաց Լ.Զուրաբյանը` նշելով, որ ԿԲ Գերմանահայկական հիմնադրամ ծրագրի կառավարման գրասենյակը մոտ 400-500 մլն դոլարի տեղեկություն հրաժարվում է տրամադրել:

Ըստ Զուրաբյանի` նոր Սահմանադրությամբ վերահսկման գաղափարը նսեմացվում է ընդամենը հաշվեքննություն իրականացնող մարմնի, քանի որ ՎՊ հաշվետվությունները սպառնալիք են ընկալվում իշխանության համար և փորձում են լռեցնել նրան: Նա կոչ արեց շրջել այդ ընթացքը, քանի որ պատերազմական այս պայմաններում կոռուպցիայի վերացումը գոյատևման խնդիր է և այսպես պետության գործերին էլ չի կարելի վերաբերվել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս