Պատերազմն ու հայկական օնլայն ԶԼՄ-ները

Ինչպես և կարելի է սպասել, ապրիլյան պատերազմի հետևանքով հայկական էլեկտրոնային լրատվամիջոցների այցելությունների թիվը կտրուկ աճել է։ Հատկապես ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում հասարակությունը կարդում էր գրեթե ամեն ինչ։ Անգամ ինտերնետից հեռու մարդիկ այցելում էին ամենատարբեր կայքեր՝ առաջին գծում տեղի ունեցող դեպքերին 1 րոպե առաջ տեղեկանալու համար։

SimilarWeb ռեսուրսն արդեն ամփոփել է կայքերի այցելությունների ապրիլ ամսվա վիճակագրությունը։ Այդտեղ ներկայացված տվյալների հիման վրա մենք կազմել ենք հայկական 40 լրատվական կայքերի ցանկը, որոնք ապրիլին ամենից շատ այցելություններ են ունեցել։ Աղյուսակում տվել ենք նաև նույն կայքերի այցելությունների վիճակագրությունը մարտ ամսվա համար, որպեսզի հնարավոր լինի համեմատություններ կատարել։

Kayqer01

Ինչպես տեսնում եք, ամենից շատ այցելություն ունեցել է News.am-ը՝ 18.3 մլն այցելություն (մարտին՝ 10.4 մլն)։ Այս կայքի այցելություններն աճել են 7.9 միլիոնով կամ 75.8%-ով։ Past.am-ը երկրորդն է, սակայն աճը քիչ է՝ 15%։ Սա, թերևս, պայմանավորված է կայքի ֆեյսբուքյան էջի արգելափակմամբ, ինչի մասին տեղյակ էր պահել այդ ռեսուրսի ղեկավարը։ 1in.am-ի այցելությունների թիվն աճել է 73%-ով կամ 2.7 մլն-ով և հասել 6.4 միլիոնի։ Սակայն կան կայքեր, որոնց դեպքում աճն ավելի զգալի է։ Mamul.am-ի այցելությունները կրկնապատկվել են, 168.am-ինը՝ եռապատկվել։ Hetq.am-ի այցելությունները հնգապատկվել են և գերազանցել 1.6 միլիոնը։

Մյուս կայքերին առանձին չենք անդրադառնա, սակայն կառանձնացնենք Razm.info մասնագիտացված կայքը։ Այն, ճիշտ է, այցելությունների քանակով կազմած ցանկի վերջին հորիզոնականներում է, սակայն այցելությունների աճի առումով առաջատարն է։ Razm.info-ն ապրիլին ունեցել է ավելի քան 500 հազար այցելություն, երբ նախորդ ամիսներին այդ թիվը կազմել է միջինը 30 հազար։

16-17-անգամյա աճը տրամաբանական է։ Հատկապես ապրիլի առաջին օրերին հետաքրքրությունն այս կայքի նկատմամբ բավականին մեծ էր, քանի որ կայքը տալիս էր պրոֆեսիոնալ տեղեկատվություն, և բացի այդ՝ կատարում մեծ ծավալի աշխատանք, հատկապես՝ հակառակորդի կորուստների իրական չափը ճշտելու առումով։

Այս առումով ուշագրավ է նաև Voskanapat.info վերլուծական պորտալը։ Ռուսալեզու այս կայքի հիմնական լսարանն արտերկիրն է (Հայաստանին բաժին է ընկնում այցելությունների մեկ երրորդը)։ Կայքի այցելուների 14.09%-ն Ադրբեջանից են։ Voskanapat-ը ապրիլին ունեցել է 430 հազար այցելություն՝ մարտի 110 հազարի դիմաց։ Ընդհանուր առմամբ, մեր ցանկում նշված 40 լրատվական կայքերը միասին ապրիլ ամսին ունեցել են 100 մլն 358.3 հազար այցելություն։ Այս նույն 40 կայքերը մարտին ունեցել են 56.4 մլն այցելություն։ Այսինքն, հայկական լրատվական կայքերի այցելությունների թիվն ապրիլին ավելացել է 43.9 միլիոնով կամ մոտավորապես 78%-ով։

Այս TOP 40 կայքերից միայն 4-ի դեպքում է այցելությունների քանակը նվազել։
Ադրբեջանական կայքերի դեպքում նույնպես աճ կա, սակայն ոչ այնքան, որքան հայկական լրատվականների դեպքում։ Մեր դիտարկած 30 ադրբեջանական կայքերի այցելությունների ընդհանուր թիվն աճել է շուրջ 40%-ով։

Ամենից շատ այցելություն ունեցել է milli.az-ը՝ 10.7 մլն (մարտի 743.8 հազարի դիմաց)։ Իսկ աճի առումով՝ առաջատարը haqqin.az-ն է։ Այս կայքի այցելությունների ընդհանուր թիվն աճել է 81%-ով և հասել 3 մլն 450 հազարի։ Ընդ որում, haqqin.az-ն ամենապոպուլյար ադրբեջանական կայքն է Հայաստանում։ Ապրիլին դրա ընդհանուր այցելությունների 11.09%-ը բաժին է ընկել Հայաստանին (մոտավորապես 380 հազար այցելություն)։ Հայաստանից այցելում են նաև trend.az (ընդհանուր այցելությունների 4.78%-ը) և day.az (ընդհանուր այցելությունների 2.53%)-ը։

Վերադառնալով հայկական ռեսուրսներին՝ անդրադառնանք նաև ՀՀ Պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի կայքերին։ Ճիշտ է, դրանք լրատվական չեն, սակայն ապրիլյան պատերազմի օրերին նույնպես տեղեկատվության կարևոր աղբյուր էին հանդիսանում։ ՊՆ կայքի (mil.am) այցելությունների թիվն աճել է ավելի քան 10 անգամ՝ 20 հազարից հասնելով 210 հազարի։ Իսկ ԼՂՀ ՊԲ կայքի այցելություններն աճել են 43 անգամ՝ 5000-ից հասնելով 215 հազարի։ Ընդ որում, այս երկու կայքերի ընդհանուր այցելությունների մոտավորապես 2.2%-ը եղել է Ադրբեջանից։

Կարելի է ենթադրել, որ սահմանային լարվածության թուլացմանը զուգահեռ՝ կնվազի նաև հայկական կայքերի այցելությունների թիվը։ Մայիսին դրանց թիվը հաստատ շատ ավելի փոքր կլինի, քան ապրիլին։ Սակայն դժվար է ասել՝ ավելի մեծ կլինի՞ մարտի ցուցանիշից, թե՞ ոչ։

Տեսանյութեր

Լրահոս