«Ձեզ ի՞նչ, ոչ ձեր հոր գրպանից, ոչ էլ ձեր կողմից նախկինում պատգամավոր աշխատած ճիվաղների գրպանից»

Այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դատողություններ արեց «մերոնք» ու «ձերոնք» բաժանումներից, «իշխանական պրոեկտներից» և հայտարարեց, թե այն մոդելում, որտեղ իշխանությունը կիրառում է սեփական վարչական ու ֆինանսական լծակները և «թոզ փչողներին», առաջանում են ճեղքվածքներ:

Ըստ նրա` այդ ճեղվածքները փակում են նրանց առջև, ովքեր «նրանց տակ չպառկելով», բայց միևնույն ժամանակ հիստերիկ ձևաչափից դուրս, կիրթ ու պարկեշտ սկսում են ներգրավել մարդկանց մեծ թվեր ու նրանց համակրանքը: Տ.Ուրիխանյանը նշեց, որ թե նրանց առաջ փակվում են բոլոր մուտքերն ու անգամ մութ շավիղները. «Դրան բախվել եմ նաև ես ու իմ թիմակիցները»:

Տ.Ուրիխանյանի խոսքով` իրենց դեմ սկսել են պայքարել քրեական միջոցներով, քանի որ «Ալյանսը» իշխանական ընտրական պլանավորված քարտեզում չկա, բայց պատասխան են տալու բոլոր նրանք, ովքեր ինչ-որ «ճիվաղների բերանն են գցում», թե որտեղից Տիգրան Ուրիխանյանին միջոցներ` առանձնատուն կառուցելու համար. «Ձեզ ի՞նչ, ոչ ձեր հոր գրպանից, ոչ էլ ձեր կողմից նախկինում պատգամավոր աշխատած ճիվաղների գրպանից: Վարկերից, աշխատավարձից, օրինական միջոցներից: Գողը չէ, հանցագործը չէ, որ պետք է գնահատի իմ ունեցվածքը»:

Ակնարկելով «Անալիտիկ» կայքի հրապարակած նյութերն իր մասին, որ հանդես է եկել «Հրազդան ցեմենտի» վերագործարկման, իրենց կապել են ՎՏԲ-ի ու Ադրբեջանի հետ. «ՎՏԲ-ն էլ ձեր գլխին, Ադրբեջանն էլ ձեր գլխին, ձեր մութ ու կեղտոտ գործարքներն էլ ձեր գլխին»:

Ուրիխանյանը խոստացավ վաղը հայտարարությունների ժամին առավել մանրամասն անդրադառնալ «Անալիտիկի» գործին:

«Պարոն Ուրիխանյան, ես կարծում եմ, որևէ պատգամավոր այստեղ պաշտպանական ճառ ասելու կարիք չունի: Պատգամավորը ժողովրդի ընտրյալն է և կարիք չունի արդարանալու: Ես` որպես իշխանություն և ձեր գործընկեր, կարող եմ ասել` դուք մեր պրոեկտներում չկաք»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

Տեսանյութեր

Լրահոս