Մեր համագործակցությունը Հայաստանի հետ ռազմավարական չէ. Վրաստանի պաշտպանության նախարար
Հայաստանի ընտրությունը որոշում է Հայաստանի հետ համագործակցության մեր մակարդակը՝ բարեկամական, առանց ռազմավարական համագործակցության: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:
Խիդաշելիի խոսքով՝ Վրաստանի նպատակն է եվրաատլանտյան ինտեգրումը, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այդ հանգամանքն էլ որոշում է վրաց-թուրքական համագործակցությունը, իսկ Հայաստանի նկատմամբ նման հանգամանք գոյություն չունի:
«Մենք չենք ընտրում: Մենք ընտրություն չենք կատարում: Ես Երևանում եղել եմ 2016 թվականի հունվարին, որտեղ ասել եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերներն են: Վրաստանը շատ ընկերներ ունի, գործընկերներ:
Մենք աշխատում ենք բազմաթիվ երկրների հետ: Ամենակարևորն այսօր Վրաստանի համար տարածաշրջանում խաղաղությունն է: Մենք կանենք ամեն ինչ, ինչ հարկավոր է, որպեսզի լինենք կայունության պակտի մաս, մաս կազմենք խաղաղությանը: Մենք աշխատում ենք Հայաստանի հետ, որը մեր հարևանն է ու մեր միջև խնդիրներ չեն լինի, սակայն, ինչպես արդեն ասել ենք, գոյություն ունի գործընկերություն, ճանապարհ, որով մենք գնում ենք միասին: Թուրքիան ՆԱՏՕ-ի մաս է կազմում, Վրաստանը ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ: Դա որոշում է մեր ռազմավարական գործընկերությունը:
Հայաստանը կատարել է այլ ընտրություն, անդամակցել է Եվրասիական միությանը, մենք այնտեղ չենք պատրաստվում գնալ: Դա նույնպես վճռում է Հայաստանի հետ մեր համագործակցության մակարդակը՝ ընկերական, առանց ռազմավարական համագործակցության»,- հայտարարել է Թինա Խիդաշելին:
Նրա խոսքով՝ Վրաստանում կա հայկական մեծ համայնք, այդ պատճառով էլ Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի համար նույնքան կարևոր են, որքան Ադրբեջանի հետ:
«Վրաստանում կա հայկական մեծ համայնք, նույնպիսի իրավունքներով, ինչպիսին ունի մեզնից յուրաքանչյուրը: Հենց այդ պատճառով հարևանությունն ու համագործակցությունը նրանց հետ նույնքան կարևոր են, որքան համագործակցությունը Ադրբեջանի և ցանկացած այլ երկրի հետ»,- հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը: