Կարող է պատահի՝ մեզ հետևում են. հայկական որ լրատվականներն են կարդում ադրբեջանցիները
Ապրիլ ամսին հայկական օնլայն լրատվամիջոցների այցելությունների թիվը շեշտակի աճել է։ SimilarWeb ռեսուրսի համաձայն՝ ապրիլին հայկական լրատվական կայքերի այցելությունները կրկնակի անգամ գերազանցել են մարտյան ցուցանիշը։
Բնականաբար, դա բացատրվում է ապրիլի առաջին օրերին ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողություններով։ Այդ օրերին բոլորի ուշադրությունը գամված էր լրատվականներին, ՊՆ և ՊԲ կայքերին և ՊՆ խոսնակի ֆեյսբուքյան էջին։
Օրական կտրվածքով տվյալներ չկան, սակայն կարելի է ենթադրել, որ այցելությունների մեծ մասը արձանագրվել է ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում։
Իհարկե, մեր լրատվականների հրապարակումների նկատմամբ ուշադրությունը մեծ է եղել նաև մեր հարևանների կողմից։ Տվյալները ցույց են, որ հայկական կայքերի այցելությունները Ադրբեջանցից աճել են։
Իսկ ո՞ր հայկական կայքերն են ավելի շատ նախընտրում ադրբեջանցիները։
Մենք առանձնացրել ենք այն հայկական կայքերը, որոնց այցելությունների ընդհանուր թվի մեջ Ադրբեջանը ունի տոկոսային առումով մեծ տեսակարար կշիռ և մտնում է հնգյակի մեջ (ըստ այցելության աղբյուր-երկրների)։
1. Voskanapat.info՝ 14.09%
2. Panarmenian.net 8.65%
3. Armenpress.am՝ 5.07%
4. Razm.info՝ 3.83%
5. Panorama.am՝ 3.25%
7. Lragir.am` 2.87%
8. News.am՝ 2.54%
9. Azatutyun.am՝ 1.85%
10. Times.am 0.75%
Սա, ինչպես նշեցինք, տոկոսային պատկերն է։ Ըստ այցելությունների բացարձակ թվի՝ News.am-ը կլինի առաջին տեղում։ Ապրիլին այն ունեցել է 18.3 մլն այցելություն, ինչը նշանակում է, որ Ադրբեջանից եղել է ավելի քան 465 հազար այցելություն (դրա 2.54%-ը)։
Բացի լրատվական կայքերից՝ աճել է հետաքրքրությունը նաև ՊՆ և ՊԲ կայքերի նկատմամբ (համապատասխանաբար, 2.18% և 2.26% այցելություններ Ադրբեջանից)։
Այստեղ պետք է նկատի ունենալ, որ բացի բուն Ադրբեջանից՝ հայկական լրատվականներին հետևում են նաև այլ երկրներում, առաջին հերթին՝ Ռուսաստանում ապրող ադրբջեջանցիները։ Սակայն ճշգրիտ գնահատականներ հնչեցնելն այստեղ գրեթե անհնար է։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կայքերի նկատմամբ մեր հետաքրքրությանը, ապա ամենապոպուլյարը haqqin.az-ն է։ Այս կայքն ապրիլին ունեցել է 3 մնլ 450 հազար այցելություն (մարտին՝ 1.9 մլն), որի 11.09%-ը եղել է Հայաստանից։