«Ռուսաստանը սահմանափակ լծակներ ունի Ղարաբաղի դեմ ագրեսիայի համար Ադրբեջանին ճնշելու հարցում»

«Բանակցային գործընթացում առաջընթաց չի նշմարվում»,- այս մասին «168 Ժամի> հետ զրույցում ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով մայիսի 16-ին Վիեննայում նախատեսվող Ալիև-Սարգսյան հանդիպմանը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել՝ նշելով. «Մեր երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման կայացմանը հաջորդ շաբաթ, Վիեննայում: Նրանց հիմնական խնդիրը լինելու է զինադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումը և վստահություն ձեռք բերելու ուղիներ փնտրելը, որը կվերականգնի բանակցային գործընթացը՝ հիմնախնդրի լուծման հիմնարար սկզբունքների շուրջ: Բանակցություններում ոչ մի հաջողություն չի կարող լինել՝ շարունակվող բռնությունների պարագայում, և ավելին, չի կարող լինել խաղաղություն՝ առանց բանակցությունների: Մենք պնդում ենք, որ չի կարող լինել հակամարտության լուծում ռազմական ճանապարհով»:

Սկակովն ասաց, որ, ինչպես միշտ՝ այդ հանդիպումից որևէ նոր բան սպասել պետք չէ, և այն որևէ հետևանք չի ունենալու, թեև ցանկացած հանդիպում, բանակցություն դրա բացակայությունից լավ է: «Բայց մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հանդիպել են միջնորդների մասնակցությամբ, և այդ հանդիպումները որևէ արդյունք չեն տվել: Ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է»,- նկատեց Սկակովը:

Նրա գնահատմամբ՝ ամենակարևորն այստեղ միջնորդների համաձայնեցված դիրքորոշումն է: Ըստ Սկակովի` եթե նրանք համաձայնեցնեն իրենց դիրքորոշումները և աշխատեն դրանց իրականացման ուղղությամբ՝ լուրջ ջանքեր ներդնելով Ադրբեջանի նկատմամբ լուրջ ճնշումներ բանեցնելու համար, ապա այդ դեպքում կարելի է սպասել որոշակի առաջընթաց բանակցային գործընթացում: «Այլևս հասցեական հայտարարությունների ժամանակն է: Սակայն, ցավոք, սրտի միջնորդների մոտ դիրքորոշումների համաձայնեցում և Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու կամք չեմ տեսնում»,- ասաց Սկակովը:

Հարցին, թե ինչո՞ւ հասցեական հայտարարություններ չի անում Մոսկվան, ավելին՝ այս օրերին շարունակում է սպառազինություն մատակարարել Ադրբեջանին` նա պատասխանեց. «Սպառազինությունը մատակարարվում է արդեն մի քանի տարի առաջ կնքված համաձայնագրերի համաձայն, և այդ համաձայնագրերի չկատարումն իր լուրջ բարոյական և նյութական հետևանքները կարող է ունենալ: Կարելի է խոսել այն մասին, որ այդ պայմանագրերը սխալմամբ են կնքվել ու սխալ են, բայց Ռուսաստանին մեղադրել իր պարտավորությունների կատարման համար՝ դժվար է: Թեև հասկանում եմ, որ պետք է մտածել ազդեցության որոշակի միջոցների մասին: Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա Ռուսաստանն Ադրբեջանի նկատմամբ ճնշումների սահմանափակ լծակներ ունի, քանի որ կա ի պատասխան ճնշման հնարավորություն: Ադրբեջանը ևս ունի իր ազդեցության և ճնշման լծակները Մոսկվայի նկատմամբ, դրանք և լուրջ տնտեսական շահերն են Ադրբեջանում ռուսական ընկերությունների, ակտիվ և ամուր ադրբեջանական լոբբին Ռուսաստանում, ադրբեջանական Սփյուռքը Ռուսաստանում, որը հաջողությամբ ուղղորդվում է Բաքվի կողմից: Ռուսաստանը չի կարողանում նույնիսկ նորմալ կերպով ազդել իր ամենամոտ գործընկեր Բելառուսի վրա, ի՞նչ կարող ենք խոսել Ադրբեջանի մասին»:

Խոսելով Ռուսաստանի 200 միլիոն վարկային պայմանագրով նախատեսվող սպառազինության մատակարարման ուշացումից` Ալեքսանդր Սկակովը նշեց, որ համաձայնագրերի կատարման համար ժամանակ է պետք: «Ադրբեջանի հետ պայմանագրերը ևս ժամանակի ընթացքում են իրականացվում, 5-6 տարվա ընթացքում, ուստի ժամանակի գործոնը պետք է հաշվի առնել: Երկրորդ՝ Հայաստանում չպետք է միայն մտածեն, որ Ռուսաստանը մեղավոր է սրանում, նրանում, պետք է սա անի կամ նա, պետք է մտածեն սեփական պատասխանատվության մասին՝ կոռուպցիայի, Հայաստանի բյուջեի ոլորտի և այլ նման գործոնների մասին: Ուստի, կարծում եմ, որ, եթե Հայաստանում ամեն բան լավ լիներ ներքին քաղաքականության և կոռուպցիայի առումով, ապա հիմնականում Հայաստանը քիչ խնդիրներ կունենար»,- ասաց Սկակովը:

Տեսանյութեր

Լրահոս