Դեռ պարզ չէ`Սարգսյան-Ալիև հանդիպում լինելո՞ւ է, թե՞ ոչ

Մեր զրուցակիցն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը

– Պարոն Բաբայան, այսօր հաստատվեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով մեկնելու է Վիեննա` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու համար: Ձեր կարծիքով` ի՞նչ հարցեր պետք է առաջադրի Ս.Սարգսյանը:

– Կարծում եմ` Սերժ Սարգսյանն արդեն առաջադրել է այդ պայմանները, և համանախագահներն իրենք իրենց հայտարարությունների մեջ, որտեղ փորձել են կարևորել Սարգսյան-Ալիև հանդիպումը Վիեննայում, որը դեռ պարզ չէ` լինելո՞ւ է, թե՞ ոչ, և մատնանշել են գրեթե նույն կետերը, որոնք որպես պայմաններ՝ ընդգծել է ՀՀ նախագահը: Հետևաբար, հենց այդ հարցերի շուրջ էլ պետք է ընթանան քննարկումները: Եվ քանի որ մասնակցելու են նաև ՌԴ և ԱՄՆ արտգործնախարարները, ապա այդ քննարկումներն ավելի հասցեական և կոնկրետ պետք է լինեն: Եվ, բնական է, որ հիմա նոր ուղղություն է բացվել, պետք է ամենաստորին շերտից սկսվեն այդ բանակցությունները, այսինքն` հրադադարի խախտման մեխանիզմների տեղադրումից, որպեսզի պահպանվի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը: Այս շերտից պետք է սկսել, մի շերտ, որն անտեսված է եղել երկար տարիներ, և որի մասին մենք պարբերաբար, հատկապես՝ պաշտոնական Ստեփանակերտը, նշում էր: Հիմա տեսնենք, թե ինչպես են ընթանալու բանակցություները:

– Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ իշխանության ներկայացուցիչներն ավելի հաճախ սկսեցին հայտարարել, որ ԼՂՀ-ն նույնպես պետք է ակտիվորեն ներգրավվի բանակցություններում: Ձեր կարծիքով` ե՞րբ և ինչպե՞ս պետք է դա տեղի ունենա:

– Մենք միշտ ասում ենք, որ պաշտոնական Ստեփանակետի մասնակցությունը պետք է վերականգնվի՝ որպես լիարժեք կողմ, որովհետև այդ բանակցություններն ընթանում են ոչ լիարժեք ձևաչափով: Եվ դա կոպիտ խախտում է նաև նույն ԵԱՀԿ կողմից ընդունված կարևորագույն որոշման` Բուդապեշտի գագաթաժողովի որոշման, որում նշվել է 3 կողմ: Այդ գագաթաժողովը եղել է հիմնադիր, և այդ ժամանակ է ձևավորվել ԵԱՀԿ-ն: Եվ այդ որոշումը, որ 3 կողմեր են, ընդունվել է կոնսենսուսի հիման վրա Մինսկի խմբի բոլոր անդամների կողմից, այսինքն` բոլորը համաձայն են եղել, նաև Ադրբեջանն ու Թուրքիան, եթե մեկ պետություն համաձայն չլիներ, այն չէր ընդունվի: Հիմա Ադրբեջանի քմահաճույքով Արցախը դուրս է մնացել 1998 թ.-ից, և բոլորը դա կարծես թե մոռանում են, թեև որևէ նոր գագաթաժողով չի եղել, կոնսենսուսով նման որոշում չի հաստատվել, որ բանակցություններն ընթանան երկու կողմերի միջև, կամ չեղյալ չի հայտարարվել նախորդ որոշումը, որը, կրկին շեշտեմ, ընդունվել էր կոնսենսուսով: Այսինքն` դա ինքն իրեն հակասում է իրավական տեսանկյունից: Բայց հաշվի առնելով քաղաքական բազմաթիվ խնդիրներ, գործընթացն ընթանում է նույնիսկ այս ձևաչափով: Սակայն ուշ թե շուտ, միևնույն է, Արցախը մասնակցելու է, հատկապես այս փուլում, երբ արդեն մեխանիզմներ են սկսելու տեղակայել, դա ոչ միայն քաղաքական բարձրագույն ղեկավարների` նախագահների կամ ԱԳ նախարարների միջոցով է տեղի ունենալու, այլ այդ սարքավորումների տեղադրմանն Արցախն էլ պետք է մասնակցի, չէ՞ որ դրանք տեղադրվելու են ղարաբաղաադրբեջանական սահմանին: Եվ այս քառօրյա պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց, նաև Ադրբեջանն իր գործողություններով ցույց տվեց, որ կա հակամարտության երկու կողմ` Արցախը և Ադրբեջանը, իսկ Հայաստանը պարզապես պարտադրված է ներգրավվել, որովհետև մայր Հայաստանը չի կարող Արցախի ճակատագրի հանդեպ անտարբեր լինել: Բազմաթիվ խնդիրներ կան, և, երբ սկսում ենք մեխանիզմների տեղադրման մասին քննարկումները, սա շատ լայն շրջանակ է, սա նախագահներից և ԱԳՆ-ներից բացի՝ ԶՈՒ, ՊՆ և այլ տարբեր տեսակի մասնագետների ու փորձագետների շատ մեծ շրջանակ պետք է ընդգրկի:

– Արդյոք Սերժ Սարգսյանի հետ Բակո Սահակյանը ևս չէ՞ր կարող գնալ Վիեննա, կամ Սերժ Սարգսյանն այնտեղ պե՞տք է հարց առաջադրի, որ հաջորդ անգամ Բակո Սահակյանն էլ հրավիրվի նման հանդիպման:

– Պետք է տեսնենք, թե ինչպիսի բանաձևեր են օգտագործում ՄԽ համանախագահները: Նրանք ասում են` կազմակերպենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, չեն ասում` հակամարտության կարգավորման շուրջ բանակցություն: Այդ նրբությունը կա, որ իրենք ուզում են ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն, բայց, իհարկե, գալու է այն օրը, երբ Արցախն էլ կմասնակցի այդ գործընթացին: Եվ ինչքան շուտ, այնքան լավ: Բայց եթե Ադրբեջանը շարունակի այսպես պնդել, այդ դեպքում կարգավորումը կերկարի: Տեսնեք, համենայն դեպս, մեզ համար բանակցություններում մասնակցելն ինքնանպատակ չէ, մենք ազատվել ենք չճանաչված լինելու կամ բանակցություններին չմասնակցելու բարդույթից: Կամաց-կամաց ընթանում է և´ ճանաչումը, և´ մի օր էլ վերականգնվելու է բանակցություններում մեր լիարժեք մասնակցությունը:

– Մամուլում տեղեկություններ կան, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ներքին բանակցությունների ժամանակ Ֆրանսիան առաջարկել է ստանձնել շփման գծում կրակի ուղղությունը որսացող սարքավորումների սպասարկումը։ Դուք տեղյա՞կ եք այդ մասին:

– Կոնկրետ այդ առաջարկից` ոչ, բայց կարծում, որ դա այդ մեխանիզմների մի բաղադրամասերից մեկն է` տարբեր տիպի սարքավորումներ դնել սահմանի ողջ երկայնքով, որոնք կարող են ֆիքսել` երբ է եղել կրակը, որտեղ, ով է արել: Բայց դրա հետ զուգահեռ՝ կարծում եմ, լավ կլիներ արբանյակներից համապատասխան հսկողություն սահմանվեր, որպեսզի ավելի ամբողջական դառնան այդ մեխանիզմները, և այստեղ համանախագահող երկրները նույնպես մեծ անելիքներ ունեն:

Տեսանյութեր

Լրահոս