
«Եթե լուրջ պատերազմական գործողություններ լինեն, ապա դրանում կներքաշվեն և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան, և՛ Իրանը». Ստեփան Դանիելյան

«Կարծես թե սպասելիքներ չկան, որովհետև Հայաստանի իշխանությունը որևէ արտաքին քաղաքական դոկտրին Ղարաբաղի հարցում չի ներկայացրել»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով մայիսի 16-ին Վիեննայում նախատեսվող Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպմանը, որը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Ըստ քաղաքագետի՝ հստակեցում կլիներ Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը և այն, որ Հայաստանը չի տեսնում Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում.
«Հիմա դա Հայաստանը չի արել, Ադրբեջանն էլ բանակցում է Ղարաբաղի կարգավիճակի մասին՝ Ադրբեջանի կազմում, ինչի մասին բազմաթիվ անգամ հայտարարել է և ասել է՝ «հետ չեմ կանգնելու»: Վիեննայի հանդիպումը մենք պետք է քննարկենք առանձին, այն չպետք է դիտարկենք նախկին հանդիպումների կոնտեքստում: Մենք պետք է դուրս գանք այն մտայնությունից, որ պատերազմական գործողություն է տեղի ունենում, որը կարող է մեծ պատերազմի վերածվել, և այդ հանդիպումն այս տեսանկյունից մենք պետք է դիտարկենք, և, եթե նայում ենք Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, ապա նրանք պարզ ասում են, որ խնդիրը շփման գիծը վերահսկելի դարձնելն է, ընդհարումները դադարեցնելը»:
Քաղաքագետի խոսքով՝ եթե դիտարկենք Սերժ Սարգսյանի վերջին շրջանում արած հայտարարությունները Ղարաբաղի ճանաչման հարցում՝ որ «դիրքերը պետք է վերադարձվեն, հետո նոր բանակցություները գնան», որից հետո լինում է այլ պահվածք, որն իրարամերժ է այդ նախկին հայտարարություններին, ապա պետք է հետևյալ եզրակացությանը հանգել:
«Երկու եզրակացություն պետք է անենք. նախ, որ միջնորդների համար Սերժ Սարգսյանն արդեն լուրջ քաղաքական գործիչ չէ, որովհետև նա շատ արագ տեսակետներ է փոխում, այն էլ՝ այն հարցի շուրջ, որի մասին նա պետք է հստակ դոկտրին ունենար մշակված, և երկրորդ հարցն այն է, որ Սերժ Սարգսյանը չի վերահսկում իրավիճակը Հայաստանի ներսում, և այս հարցում հասարակությունը նրան չի վստահում: Բնականաբար, համանախագահները հասկանում են, որ, եթե Սերժ Սարգսյանի առաջ համանախագահների կողմից լուրջ խնդիր դրվի՝ համապարփակ լուծման, որը ենթադրում է զիջումներ Հայաստանի կողմից, և եթե այդ ճնշումները լինեն շատ ուժեղ, հնարավոր է՝ Սերժ Սարգսյանն ունենա մի տարբերակ՝ Վիեննայից վերադառնա և հրաժարական տա. այլ տարբերակ նա չի ունենա: Եթե խնդիրը լուրջ չդրվի, այլ լինեն ճնշումներ Ադրբեջանի վրա, որպեսզի հրադադարը վերականգնվի, ապա այդ դեպքում այլ զարգացումներ կլինեն, բայց այդ զարգացումները կլինեն ժամանակավոր, որովհետև նմանատիպ խնդիրներ ունի Ալիևը Ադրբեջանում»,- նշեց քաղաքագետը:
Ս. Դանիելյանի գնահատմամբ՝ այժմ վիճակը պատային է, և հայտնի չէ՝ ինչպե՞ս կզարգանա այն, բայց եթե լուրջ պատերազմական գործողություններ լինեն, ապա դրանում կներքաշվեն և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան, և՛ Իրանը:
Խոսելով այն մասին, թե այդ դեպքում ուժերի ինչպիսի՞ դասավորություն կլինի, և արդյոք Հայաստանը նման իրավիճակում միայնակ չի՞ մնա՝ Ս. Դանիելյանը պատասխանեց. «Եթե երևա, որ Հայաստանը շատ թույլ է, ապա Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի դիրքորոշումները կփոխվեն, իսկ եթե Հայաստանը լավ դիմակայի և առաջ անցնի, ապա, բնականաբար, այդ երկրները՝ հաշվի առնելով նաև իրենց շահերը, կսրբագրեն իրենց դիրքրոշումները: Այստեղ կողքին կանգնելու կամ չկանգնելու խնդիր չէ, ամեն մեկն իր խնդիրն է լուծում»: