Որքանո՞վ է հավանական Մխիթարյանի՝ «Չելսի» տեղափոխությունը
Շաբաթվա սկզբին Mirror-ի լրագրող Դարեն Լևիսը հայտնեց, որ Հենրիխ Մխիթարյանը, ով դեռ մեկ տարվա պայամանագիր ունի Դորտմունդի «Բորուսիայի» հետ, կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»: Մխիթարյանը չի կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման շուրջ, քանի որ դորտմունդցիները դեմ են պայմանագրում հրաժարագնի մասին կետին:
Ըստ Լևիսի՝ դորտմունդիցներն արդեն դասեր են քաղել՝ իրենց ֆուտբոլիստ Մարիո Գյոթսեին բաց թողնելիս 31 միլիոն կորցնելով, և հենց դա է պատճառը, որ նրանք հրաժարվում են հրաժարագին սահմանել Մխիթարյանի համար:
Դորտմունդցիները ցանկանում են գտնել ամենահարմար տարբերակը, որպեսզի Մխիթարյանին բաց չթողնեն ոչնչի դիմաց, և Մխիթարյանի տեղափոխությունից մեծ շահույթ ունենան: Ինչպես FourFourTwo-ի լրագրող Ալեքս Չեֆիրն է ասում ՝ Մխիթարյանի գործը կախված է օդում:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը Դորտմունդ տեղափոխվելով՝ դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Միայն այս տարի անցկացրած 51 խաղերում Մխիթարյանը դարձել է 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ:
Մխիթարյանը խաղում է շատ արդյունավետ: Նա հարձակվողական ոճի կիսապաշտպան է, այնպիսին, ինչպիսին պետք է «Չելսիին»:
Լոնդոնյան ակումբն ունի այդ դիրքում խաղացող այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Օսկարը, Ֆաբրեգասը, Ուիլիանը և Էդեն Ազարը, բայց, ինչպես նշում է Bleacherreport կայքի լրագրողը՝ Եվրո-2016-ից հետո լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կունենա «թարմ» ֆուտբոլիստների կարիք: Այս դեպքում Մխիթարյանը կլինի լավագույն տարբերակը Կոնտեի համար:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան նշել է, որ Մխիթարյանի ճակատագիրը պարզ կլինի առաջիկա 10 օրերի ընթացքում:
Սիրարփի Աղաբաբյան