
Հյուսիսային պողոտայում կբացվի Tashir Street Shopping Gallery-ն

«Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարում է Երևանում Tashir Street Shopping Gallery առևտրի կենտրոնի բացման մասին: 12.000 քմ ընդհանուր մակերեսով համալիրը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ Երևանի կենտրոնում հետիոտնի համար նախատեսված գլխավոր պողոտայի ստորգետնյա հատվածում:
Կենտրոնն ունի 7 մուտք Հյուսիսային պողոտայից, որոնք համալրված են շարժասանդուղքներով և վերելակով: Առևտրի կենտրոնն ունի 200 ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղի, որը հասանելի կլինի ինչպես՝ առևտրի այցելուների, այնպես էլ՝ քաղաքացիների համար:
Երևանի երկու գլխավոր հրապարակները՝ Հանրապետության և Ազատության հրապարակները, միացնող տարածքը ժամանակակից առևտրի կենտրոնի բացմանը զուգընթաց՝ ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու քաղաքի ամենաժամանակակից հարթակը:
Tashir Street Shopping Gallery-ում ներկայացված են հագուստի, օծանելիքի և կոսմետիկայի, զարդերի և աքսեսուարների, էլեկտրոնիկայի խանութներ և սրճարաններ, որոնց մի մասը Հայաստանում առաջին անգամ կներկայացվի:
Պողոտայի վերակառուցման և Tashir Street Shopping Gallery-ի կառուցման բոլոր աշխատանքները կատարվել են «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական շինարարական և ֆինանսական ռեսուրսների հաշվին՝ Հյուսիսային պողոտայի վերակառուցման և համալիր բարեկարգման ծրագրի շրջանակներում:
Բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 14-ին, ժամը 14:00-ին, որին ներկա կլինի նաև Երևանի քաղաքապետը: Քաղաքացիների մուտքը՝ 16:00-ին: