«Կոռուպցիայի դեմ քայլեր իրականում ձեռնարկվում են». Արփինե Հովհաննիսյան
«Կոռուպցիայի դեմ պայքարի մասին պետք է ոչ միայն խոսել, այլև պետք է քայլեր ձեռնարկվեն: Այդ քայլերն իրականում ձեռնարկվում են, և դուք էլ գիտեք, որ կարող եք խոսել գուցե տեմպերի դանդաղ լինելու մասին, կամ արդյունքները չբավարարեն, չգոհացնեն, բայց որ կան, ու քայլեր կատարվում են, ակնհայտ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ գործն ընդամենը օրեր առաջ է ուղարկվել իրավապահ մարմիններին, այս պահին նախաքննություն է ընթանում, և մեղմ ասած, քիչ ժամանակ է անցել՝ վերջնական գնահատականներ տալու կամ նախաքննությունն ավարտելու համար:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ կարևորում է կեղծ, թերի եկամուտների հայտարագրման համար վարչական, ապա քրեական պատասխանատվություն նախատեսելու նախագիծը. ըստ նրա՝ սա էականորեն կշտկի շատ հարցեր:
Անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյաի երեկվա հայտարարությանը՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ վարչապետը նշել է՝ այո, արդյունքներ արձանագրել ենք, իրականացվել են քայլեր, բայց կարիք ունենք շատ ավելի արագ արձագանքելու: