Վալովայան միասնական արժույթ ստեղծելու անհրաժեշտությունը դեռ չի տեսնում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան միասնական արժույթի ներդրման անհրաժեշտություն դեռևս չի տեսնում: Այս մասին մայիսի 12-ին կայացած Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նշեց պաշտոնյան` հավելելով, որ կրկնում է իր տեսակետը, որն արտահայտել է նախորդող տարիներին: «Ես հիմա ոչ մի անհրաժեշտութ յուն չեմ տեսնում միասնական արժույթ ներդնելու համար, քանի որ դեռևս չկան համապատասխան պայմաններ ու կարիքներ»,- ասաց Վալովայան: Նա շեշտեց, որ միասնական արժույթ ներդնելու և դրանից օգուտներ քաղելու համար անհրաժեշտ է ունենալ լայնորեն ինտեգրված միասնական շուկա: «Մենք մեր առջև խնդիր ենք դրել լիովին ինտեգրված շուկա ձևավորել 2025-ի աշնանը, երբ բոլոր ապրանքային և ծառայությունների շ ուկաները կլինեն մեծամասամբ միասնական: Քանի դեռ չկա միասնական շուկա, հետևաբար, չկա նաև միասնական արժույթի անհրաժեշտությունը»,-ընդգծեց Տատյանա Վալովայան:
Պաշտոնյան նկատեց, որ իրենք մանրամասնորեն ուսումնասիրել և շարունակում են ուսումնասիրել Եվրամիության փորձը և եկել են եզրակացության, որ ԵՄ-ում արժույթի ներդրման համար եղել են անհրաժեշտ պայմաններ, խորապես ինտեգրված տնտեսություն: «Եվրամիությունը, սակայն, որոշ բացթողումներ է թույլ տվել, քանի որ այդ ժամանակ չէին ստեղծվել բանկային ու ֆինանսական կառույցներ: Բայց ճգնաժամը ամեն ինչ դրեց իր տեղը և ապացուցեց, որ միասնական արժույթի անցնելու համար անհրաժեշտ է մի շարք պայմանների ստեղծումը, որոնք եվրոպացիները իրականացրեցին արդեն արժույթի ներդրումից հետո»,-հավելեց ԵՏՀ նախարարը: