Ինչո՞ւ Ժիրայր Սէֆիլյանն այս ընթացքում չի եղել առաջնագծում
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) նախագահ Ժիրայր Սէֆիլյանն այսօրվա մամուլի ասուլիսին, պատասխանելով 168.am-ի հարցին՝ այս ընթացքում եղե՞լ է առաջնագծում, եթե ոչ, ապա ինչո՞ւ, ասաց.
«Անձնապես ես չեմ եղել, ինձ հետաքրքրել է առաջնագծի ինֆորմացիան, ես այդ ինֆորմացիային տիրապետում եմ՝ շնորհիվ իմ ունեցած կապերի: Հատուկ ցուցադրական այցեր կազմակերպելու կարիք ես չեմ տեսնում: Իսկ եթե բանակի ղեկավարությունն ունենար այդ պահանջը, խնդրեմ, ես պատրաստ եմ: Ամսի 3-ին թե 4-ին մենք հայտարարություն ենք տարածել և պատրաստակամություն հայտնել՝ ամեն ինչով մասնակցելու»:
Ըստ նրա՝ կարևորն իրավիճակին լավ հետևելն ու ճիշտ գնահատելն է. «Այսօր նաև շատերը թող շատ լավ գիտակցեն, որ ֆրոնտը ինչքան որ կարևոր է, նույնքան կարևոր է ներքաղաքական ֆրոնտը: Շատերը նաև գիտակցում են, որ, եթե ներքաղաքական ֆրոնտում մենք հաջողություններ չունենանք, դրսի թշնամուց պաշտպանող ճակատը փլուզվելու է: Ուստի իրավիճակին պետք է լուրջ մոտենալ, ճիշտ գնահատել և համապատասխան ճիշտ պահին ճիշտ քայլեր անել: Այս իմաստով ոչ ոք թող չկասկածի, որ մեր մատը մեր ժողովրդի անցուդարձի բազկերակի վրա է»: