«Համանախագահ երկրների այս հայտարարությունը շատ նման է Սերժ Սարգսյանի բառապաշարին». Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համահունչ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ վստահության մեխանիզմների ներդրման և զինադադարի պահպանման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ եկել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպելու ժամանակը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ Է. Շարմազանովը նշեց, որ ընթերցել է համանախագահների հայտարարությունը, և, նրա գնահատմամբ՝ այդ հայտարարությունը հիշեցնում է նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունների բառապաշարը. «Բառապաշարը համահունչ է նախագահ Սարգսյանի հայտարարություններին՝ վստահության մեխանիզմների ամրապնդման և զինադադարի պահպանման մասին: Մենք տեսնում ենք, որ այսօր խոսք չկա նոր փաթեթի մասին, խոսքը գնում է բացառապես այն առաջարկների վերաբերյալ, որի մասին խոսել է հանրապետության նախագահը: Է. Շարմազանովի խոսքով՝ ոչ միայն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է արձագանքել ՀՀ նախագահի առաջարկներին, այլ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են դրական արձագանքել:

«Այն սկեպտիկները, ովքեր քննադատում էին նախագահի դիրքորոշման կոշտացումը, թե դա չի բխում մեր շահերից և կարող է հանգեցնել կոնֆլիկտի համանախագահ երկրների և Հայաստանի միջև, մենք տեսանք, որ դա կոնֆլիկտի չհանգեցրեց, այլ ընդհակառակը՝ նախագահի ամբողջական կոչից ու ազդակից հետո այսօր համանախագահները խոսում են այն բառապաշարով, որի մասին խոսում է մեր նախագահը»,- նշեց Է. Շարմազանովը: Անդրադառնալով նրան, թե Հայաստանի իշխանություններն ինչպե՞ս են տրամադրված, և կայանալո՞ւ է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի մասին խոսում են համանախագահները, Է. Շարմազանովը նշեց, որ նախագահների հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվությունը կտրամադրվի օրենքով սահմանված ժամկետներում: «Իմ մասնավոր դիրքորոշմամբ՝ համանախագահ երկրների այս հայտարարությունը շատ նման է այն բառապաշարին, որով խոսել է նախագահը: Այսինքն, այն առաջարկները, որոնք արվել են նախագահի կողմից, հիմնական մասը ներառված են այդ հայտարարության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս