Կա ցանկություն, որ «4+4+4» ձևաչափով քննարկումների արդյունքում փաստաթուղթ կազմվի
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ հայտարարել էր, որ «4+4+4» ձևաչափով հայտարարություն է լինելու, և կա կոնսենսուսի լայն հնարավորություն: Այսօր լրագրողներն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ հայտարարության մասին է խոսքը:
Պարզվեց՝ խոսքը ցանկության մասին է: Նրա խոսքով՝ կա ցանկություն, որ քննարկումների արդյունքում մի փաստաթուղթ կազմվի, որտեղ բոլոր քաղաքական ուժերը միավորվեն, միանան. «Այդ փաստաթուղթը կծնվի քննարկումների արդյունքում, և եթե ցանկություն, քաղաքական կամք կունենան, ինձ թվում՝ է այդ կոնսենսուսը կարելի է ավելի ընդարձակել և ընդլայնել»:
Հարցին, թե ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ քննարկվե՞լ է այդ հարցը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսպես պատասխանեց. «Քննարկումը գնում է, այդ քննարկումները պատահական չեն, վաղը նույնպես կլինի հանձնաժողովի նիստ, արդեն առաջարկությունները ներկայացվել են, մի փոքր վաղ է դրա մասին խոսելը, որովհետև առաջարկությունները դեռ նոր ենք ներկայացնում, կներկայացնենք, կավարտենք, մեր քաղաքական ուժերն իրենց հայտարարությունները կանեն, իրենց կարծիքները կհայտնեն, եթե կլինի նման հնարավոր կոնսենսուս, կլինի հայտարարություն»: