«Մենք պետք է առաջինը պատրաստ լինենք միշտ նոր արկածախնդրության». Շավարշ Քոչարյան
Ադրբեջանի դիրքորոշման մեջ դեռևս փոփոխություն չկա՝ չնայած նրանց բլից-կրիգը չհաջողվեց, այն հայտնվեց նաև որոշակի ճնշման տակ: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Այնուամենայնիվ, կարծում եմ՝ այս պարագայում մենք հստակ փոփոխություն չենք տեսնում իր ուժային քաղաքականության հարցում: Այսօր զինադադարի պայմանագրի 22-ամյակն է, որը գործում է հենց 1994թ. մայիսի 12-ից: Առայսօր Ադրբեջանն ակնհայտորեն օգտագործել է ամբողջ բանակցային գործընթացը՝ որպես քող՝ այդ ընթացքում իր ապատեղեկատվությունը տարածելու, իր քարոզչությունն առաջ քաշելու, սպառազինվելու և ուժային լուծման նախապատրաստվելու համար, ինչն ապացուցեցին ապրիլյան դեպքերը: Այս պարագայում, չնայած իր չհաջողված բլից-կրիգին, ակնհայտ չի երևում, որ այդ մոտեցման մեջ փոփոխություններ կան: Այդ տեսակետից, բնական է, մենք պետք է առաջինը պատրաստ լինենք միշտ նոր արկածախնդրության, երկրորդը՝ այն, ինչ այսօր կոչվում է բանակցություններ, որոնք ըստ էության չկան, առաջնային շեշտադրումը պետք է դրվի հենց այդ ռեժիմի ամրապնդման վրա»:
Շավարշ Քոչարյանն ասաց, որ հիմնական պատճառն Ադրբեջանն է, որը չի ցանկանում, որ Արցախը բանակցային կողմ լինի. քանի դեռ Ադրբեջանը ձևացնում է, թե այդպիսի սուբյեկտ չկա, նշանակում է՝ չի ցանկանում որևէ առաջընթաց բանակցային գործընթացում:
Անդրադառնալով իր վերջին հարցազրույցում արտահայտած տեսակետին՝ հակամարտող կողմերին զենք չվաճառելու վերաբերյալ, Շավարշ Քոչարյանն ասաց, որ դա պետական դիրքորոշում չէ, ինքը հայտնել է իր անձնական մոտեցումը. «Երբ խոսում են՝ եթե ես զենք չմատակարարեմ՝ ուրիշը կմատակարարի, նա չմատակարարի՝ երրորդը կմատակարարի, ապա միգուցե (նորից եմ կրկնում՝ դա իմ անձնական մոտեցումն է) ճիշտ է, որ ընդհանուր առմամբ արգելք լինի հակամարտող պետություններին ընդհանրապես զենք մատակարարելու հարցում»: