Բաժիններ՝

Հայր ու որդի`առաջնագծում

asparez.am. «Ազատամարտիկ Ալեքսանդր Հարությունյանը Երեւանի Էրեբունու շրջանի Երկրապահ կամավորականների միության անդամ է, ապրիլի 3-ին որդու` 32-ամյա Արմանի հետ մեկնել է առաջնագիծ:

-Գնացինք Ջեբրայիլ` առաջին գծի պոստերը պահելու: 1993 թվին էլ, որ Ղարաբաղի պատերազմին մասնակցում էի, էն ժամանակ էլ էին հանձնարարել, որ առաջին գիծը պահեմ: Հիմա էլ նույնն եմ անում տղուս հետ,- ասում է Ալեքսանդր Հարությունյանը:

Առաջնագիծ մեկնելու որոշումը տան անդամները միանշանակ չեն ընդունել, անհանգստացել են, փորձել հետ պահել: Բայց Ալեքսանդր պապն անդրդվելի է մնացել:

-Կինս դեմ էր: Բայց իր դեմ լինելը շատ քիչ է. եթե պետք է, պիտի գնամ: Վաղը մյուս օրը կարող է գան, էդ կնոջն էլ ասեն` դու էլ ճամփա ընկի, էդ ո՞վ պետք է պահի,- ասում է ազատամարտիկը:

Շփման գծից վերջերս է վերադարձել` հարազատներին տեսնելու, փոքր-ինչ հանգստանալու ու կրկին առաջնագիծ մեկնելու համար:

hayr-u-vordi-arajnagcum-150x150

-Որ հետ էինք գալիս, տղես մնաց Ջեբրայիլում, որ ինձ փոխարինի: Հիմա ես որ գնամ, իրան կփոխարինեմ, ինքը կգա տուն,- ասում է Ալեքսանդր պապը:

Հարցնում եմ` «Չե՞ք անհանգստանում, վախենում ձեր որդու համար»: Ասում է` «Չէ’, վախեցողը կռիվ դուրս չի գալիս: Վախեցողը տանը պառկում, հանգիստ քնում է»:

Սահմանի դժվարություններից, ապրել-չապրելուց, կյանքից ու մահից չի խոսում, զուսպ է, քչախոս: Աչքերում հպարտություն է ու խիզախում, որոնք հազվադեպ են թացվում` առաջնագծում նամակ ստանալիս միայն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս