«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին մինչև տարեվերջ կհանձնվի շահագործման. Ադրբեջանի տրանսպորտի նախարար
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին մինչև տարեվերջ պատրաստ կլինի շահագործման: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին կառուցվում է Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջև կնքված համաձայնության հիման վրա:
Դրա ընդհանուր երկարությունը կազմում է 826 կիլոմետր: Կանխատեսումների համաձայն՝ երկաթուղին ավելացնելու է երկրների միջև առևտուրը, առևտրաշրջանառության տարեկան ծավալը գերազանցելու է 10 միլիարդ դոլարը:
««Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագիծը մինչև տարեվերջ պատրաստ կլինի շահագործման: Ներկայում աշխատանքները շարունակվում են արագացված տեմպով: Նշեմ մի կարևոր բան՝ նախագիծն իրականացվում է շատ բարդ ռելիեֆ ունեցող տարածքում»,- ասել է Մամեդովը «Տրանսպորտ, տրանզիտ և լոգիստիկա» միջազգային ցուցահանդեսի ժամանակ:
Նա կարծում է, որ նախագիծը մեծ կարևորություն է ներկայացնում ոչ միայն Ադրբեջանի ու տարածաշրջանի, այլև ողջ Եվրասիայի:
Ադրբեջանցի նախարարի կարծիքով՝ այդ տրանսպորտային միջանցքը «միմյանց կկապի երկրներ, ազգեր և անգամ ամբողջ քաղաքակրթություններ«:
«Այդ նախագծի նկատմամբ հետաքրքրությունը դրսևորվում է՝ սկսած Կենտրոնական Ասիայից, վերջացրած Հյուսիսային Եվրոպայով»,- ասել է նա: