Մինասյանը կարևորել է ԵԱՏՄ-ի երկրների առևտրում խոչընդոտների ու սահմանափակումների վերացումը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մայիսի 10-ին որոշում է ընդունել «Ղազախստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործառման շրջանակներում վերականգնվող թղթի, ստվարաթղթի, մակուլատուրայի եւ թափոնների փոխադարձ առետրում պարտավորությունների կատարման մասին»:
ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ԵԱՏՀ-ի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ սա հանձնաժողովի այսօրինակ առաջին որոշումը չէ: «Միության երկրների փոխադարձ առեւտրում խոչընդոտների ու սահմանափակումների բացահայտման ու վերացման աշխատանք է տարվում ինտեգրացիոն միավորման գոյության ողջ ժամանակաշրջանում: Սակայն հանձնաժողովի նոր պրոֆիլային ստորաբաժանման ստեղծման շնորհիվ աշխատանքի ակտիվացում է սպասվում այդ ոլորտում: Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ այդ ուղղությամբ մենք նոր ենք միայն սկսում ձեւավորել կոլեգիայի աշխատանքի նախադեպային պրակտիկան»,- ասել է նախարարը:
Ընդունված որոշումը վերաբերում Է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրին Ղազախստանի կառավարության 2004 թվականի օգոստոսի 27-ի որոշման դրույթների բացահայտված անհամապատասխանությանը, ինչպես նաեւ Ղրղզստանի Հանրապետության հետ Ղազախստանի փոխադարձ առեւտրում դրա կիրառման պրակտիկային: Պայմանագրի համաձայն՝ անդամ պետությունները չպետք է փոխադարձ առեւտրում կիրառեն ոչ տարիֆային կարգավորման միջոցներ, այդ թվում՝ ցանկացած քանակական սահմանափակում՝ բացառությամբ Միության այդ բազային փաստաթղթով չնախատեսված դեպքերի:
ԵԱՏՀ-ի կողմից ընդունված որոշմամբ Ղազախստանի եւ Ղրղզստանի շահագրգիռ գերատեսչություններին առաջարկվում է երկկողմ խորհրդակցություններ անցկացնել հարցը կարգավորելու համար: